Home / Հայաստան / Մայրն ապացուցել է՝ իր երեխայի ծննդյան վկայականները կեղծվել են

Մայրն ապացուցել է՝ իր երեխայի ծննդյան վկայականները կեղծվել են

Իր երեխայի համար պայքարող Նարինե Նիկողոսյանն այսօր վարչական դատարանում փաստաթղթեր է ներկայացրել, որոնք ապացուցում են՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ՔԿԱԳ-ը (ԶԱԳՍ) կեղծել է երեխայի ծննդյան փաստաթղթերը: Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Նիկողոսյանի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը: Նա տեղեկացրել է, որ, ինչպես նախորդ նիստերին, պատասխանող կողմը՝ ՔԿԱԳ-ը, այսօր էլ չէր ներկայացել:

Նշենք, որ Նարինե Նիկողոսյանը պնդում է, թե Էդիսոն Ադյանը, չլինելով իր երեխայի հայրը, ծննդաբերությունից հետո բժշկի օգնությամբ առևանգել է փոքրիկին: Ադյանը, իր հերթին, պնդում է՝ Նիկողոսյանն է ասել, թե ինքն է հայրը ու փաստաթղթերում իր անունն է նշել:

«Այսօր մենք դատարան ենք ներկայացրել երեխայի ծննդի գրանցման ակտը․ դա փաստաթուղթ է, որը մնում է ԶԱԳՍ֊ում։ Դրա հիման վրա տրվում են երեխայի վկայականները: Դա վերցրել ենք քրեական գործից, և այդ ակտը ապացուցում է, որ պետական գրանցման ժամանակ ոչ թե վրիպակ, այլ կեղծիք է տեղի ունեցել: Երեխայի ազգանունը նախ գրվել է «Նիկողոսյան», վրան գիծ է քաշված ու գրված է «Ադյան»: Ձեռագրաբանական փորձաքննությամբ պարզվել է, որ գրված երկու ծննդյան վկայականները, որոնցից մեկի մեջ գրված է Արթուր Էդոյի Նիկողոսյան, մյուսի մեջ՝

Արթուր էդիոսնի Ադյան, գրված են միևնույն մարդու կողմից, և դա ԶԱԳՍ-ի աշխատող Իրինա Շահնազարյանն է», – ասել է փաստաբանը:

Նրա խոսքով՝ փաստաթղթերի կեղծումը կոծկվել է քրեական գործի շրջանակնում, որը հարուցվել էր Նարինե Նիկողոսյանի՝ երեխային գողանալու փաստի առթիվ տրված հաղորդման հիման վրա:

Այսպիսով, դատարանը գործի նյութերը համարել է ամբողջական և դատավարության սկիզբը նշանակել է սեպտեմբերի 10-ին:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը բավարարել է Նարինե Նիկողոսյանի բողոքը՝ գործն ուղարկելով նոր քննության: 

Tekali Taxi