Home / Տեսանյութեր / 2014֊ին էլէներգիայի թանկացման դեմ ակցիայի մասնակցին ուզում են ազատազրկել

2014֊ին էլէներգիայի թանկացման դեմ ակցիայի մասնակցին ուզում են ազատազրկել

2014 թվականի հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց էլէներգիայի թանկացման դեմ կայացած բողոքի ակցիայի ժամանակ 27 մարդ բերման էր ենթարկվել, որոնցից մեկի՝ Նարեկ Հակոբյանի նկատմամբ քրգործ էր հարուցվել։ Ակցիայի ընթացքում քաղաքացիները բողոքում էին էլէներգիայի սակագինը 4 դրամով բարձրացնելու դեմ։

Epress.am-ի հետ զրույցում Նարեկ Հակոբյանը պատմել է, որ իրեն մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Համաձայն մեղադրանքի՝ Հակոբյանը հարվածել է ոստիկանին, երբ վերջինս փորձում էր մեկ այլ քաղաքացու բերման ենթարկել: Հակոբյանը հերքում է, թե որևէ ոստիկանի հարվածել է:

Գործով որպես տուժող անցնողն այլևս ոստիկանություն ում չի աշխատում, նա անգամ Հայաստանում չէ, սակայն նրա ցուցմունքը դատարանում պաշտպանում են այլ ոստիկաններ:

Բողոքի ակցիայի մասնակիցներ կամ լրագրողներ գործում որպես վկաներ ներգրավված չեն։

Նարեկ Հակոբյանը մեզ ասել է, որ ինքը դատարան է ներկայացրել լուսանկարներ, որտեղ երևում է՝ տուժած ոստիկանը մեջքով հարվածել է ոստիկանական մեքենային:

«Որևէ տեսանյութ, լուսանկար չկա, որտեղ երևում է, որ ես հարվածել եմ նրան: Միայն ոստիկանների ցուցմունքները», – բողոքի ակցիայի մասնակիցը:

Գործով երեկ անցկացված դատական նիստի ընթացում մեղադրող Ռոլանդ Հայրապետյանը միջնորդել է Հակոբյանին մեղավոր ճանաչել և ազատազրկել 6 ամսով:

Օգոստոսի 5-ին կայանալիք դատական նիստում Հակոբյանը ու նրա ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը հանդես կգան պաշտպանական ճառով: 

Tekali Taxi