Home / Հայաստան / Դատարանը ոտնահարում է Հայկ Կյուրեղյանի իրավունքները․ պատգամավոր

Դատարանը ոտնահարում է Հայկ Կյուրեղյանի իրավունքները․ պատգամավոր

Քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների համախոհ, ծրագրավորող Հայկ Կյուրեղյանը ցանցկանում է դատարանում պաշտպանական ճառով հանդես գալ: Այս մասին Կյուրեղյանն ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ով այսօր այցելել էր նրան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Փաշինյանը մտավախություն ունի, որ Կյուրեղյանը չի կարող դա անել, քանի որ հեռացված է դատարանի դահլիճից:

Պատգամավորը հիշեցնում է, որ Կյուրեղյանի դատավարությունը դեկտեմբերից ընթանում է նրա բացակայությամբ. նա դատական սանկցիայի կիրառմամբ 10 ժամով հեռացվել է նիստերի դահլիճից, ու, Փաշինյանի խոսքով, այդ տասը ժամը չգիտես ինչու 8 ամսում չի լրացել:

«Մեծ է հավանականությունը, որ առաջիկա դատական նիստերին էլ նրան դատարան չեն տանի, այսինքն՝ կզրկեն պաշտպանական ճառով և վերջին խոսքով հանդես գալու հնարավորությունից: Որպես ՀՀ քաղաքացի և ԱԺ պատգամավոր դատապարտում եմ Կյուրեղյանի նկատմամբ կիրառվող հաշվեհարդարային մոտեցումը և արձանագրում. դատարանը ուղղակիորեն ոտնահարում է Հայկ Կյուրեղյանի անօտարելի իրավունքները»,-գրում է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ երեկ մեղադրող դատախազ Հարություն Սարգսյանը միջնորդել է Կյուրեղյանին մեղավոր ճանաչել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ և դատապարտել 14 տարվա ազատազրկման:

Մեղադրողը 258-րդ հոդվածի չորրորդ կետով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) պահանջել է 6.5 տարվա, իսկ 316-րդ հոդվածով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)՝ 8.5 տարվա ազատազրկում, և պատիժների համադրմամբ սահմանել 14 տարվա ազատազրկում: Դատարանում ներկաները դատախազի խոսքից հետո հետևյալ գնահատականներն են հնչեցրել․ «Միանգամից ցմահ ազատազրկեիք», «Գնդակահարե՛ք ցուցարարին»:

Tekali Taxi