Home / Հայաստան / ՀՔԾ֊ն մակերեսային է քննում Բաղրամյանի դեպքերի առթիվ հարուցված քրգործը․ հայտարարություն

ՀՔԾ֊ն մակերեսային է քննում Բաղրամյանի դեպքերի առթիվ հարուցված քրգործը․ հայտարարություն

9 լրագրողական կազմակերպություններ խորը մտահոգություն են հայտնում հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցը ցրելիս ոստիկանների կողմից լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու և բռնություն կիրառելու դեպքերով հարուցված քրեական գործի ընթացքի առնչությամբ։

«Տրամաբանական համարելով, որ նախաքննության համար նախատեսված երկամսյա ժամկետը լրանալուց հետո ՀՀ հատուկ քննչական ծառայությունը օրենքով սահմանված կարգով լրացուցիչ ժամկետ ստացավ իրեն վերապահված գործառույթները իրականացնելու համար, այնուամենայնիվ անթույլատրելի է ՀՔԾ-ում դրսևորվող մակերեսային մոտեցումն ու դանդաղկոտությունը:

Ծավալուն քրեական գործը, որը ներառում է նաև տուժած ցուցարարների հետ կապված դեպքերը, վարում է ընդամենը մեկ քննիչ։ Սա վկայում է իրավապահների կողմից գործի նկատմամբ ոչ համարժեք վերաբերմունքի մասին։

Այսպես, հունիսյան իրադարձությունների ժամանակ ոստիկանների կողմից բռնության կամ տարատեսակ այլ խոչընդոտումների ենթարկված 24 լրագրողներից ու օպերատորներից 6-ը հարուցված քրեական գործի երկու ամիսների ընթացքում այդպես էլ դեռ չի հարցաքննվել։ Նրանք են՝ Տիգրան Խաչատրյանը («Epress.am» լրատվական կայք), Հայկ Բադալյանը («Ֆոտոլուր» գործակալություն), անկախ ֆոտոլրագրող Գեւորգ Ղազարյանը, ինչպես նաեւ «1in.am» լրատվական կայքի ներկա և նախկին աշխատակիցներ Հովսեփ Հովսեփյանը, Գոռ Հովհաննիսյանը և Արեն Մկրտչյանը։ Մեկ լրագրողի՝ «iLur.am» կայքի թղթակից Հակոբ Կարապետյանին, դեռեւս չի վերադարձվել կամ փոխհատուցվել տեսախցիկի առգրավված հիշողության սարքը։ Ավելին՝ ոստիկանության կողմից առաջարկվել է վրդովմունք հարուցող «գործարք». այդ սարքը կտրամադրվի, եթե լրագրողն իր բողոքը հետ վերցնի։

«Հաշվի առնելով վերոգրյալը, մենք պահանջում ենք.

– ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ անհապաղ վերանայել մոտեցումները և կազմավորել ներկայացուցչական քննչական խումբ, որն ի զորու կլինի խորությամբ և օբյեկտիվորեն քննելու այս քրեական գործը,

– ՀՀ դատախազությունից՝ պատշաճ վերահսկողություն իրականացնել այս քրեական գործի նկատմամբ՝ լրագրողների ու օպերատորների աշխատանքը խոչընդոտած և նրանց նկատմամբ բռնություն գործադրած անձանց բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու համար», ֊ նշում են հայտարարության հեղինակները։

Հայտարարության տակ ստորագրել են՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Երևանի մամուլի ակումբ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Լրագրողների «Ասպարեզ» ակումբ, Ինֆորմացիայի ազատության կենտրոն, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ, Հանրային լրագրության ակումբ, Գորիսի մամուլի ակումբ, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ

Tekali Taxi