Այսօր առավոտից Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ փակել էին Արմավիր-Երևան ավտոճանապարհն ու պահանջում էին որպեսզի գյուղնախարար Սերգո Կարապետյանը գա ու պարզաբանի, թե ինչու գործարանները չեն սկսել խաղողի մթերումը։
«Ազատություն» ռադիոկայանի կայքը հայտնում է, որ գյուղացիներին հանդիպել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ու խոստացել, որ խաղողը չի փչանա, գործարանները երկու օրից կսկսեն մթերումը։
Գյուղացիները բայց բացել են ճանապարհը՝ խոստանալով երկու օր սպասել։
«Ազատությունը» հիշեցնում է, որ երկու օր առաջ կոնյակագործների միության ընդլայնված նիստի ժամանակ, նախարարն անդրադարձել էր խաղողի մթերումների խնդրին: Նա նշել էր, որ արդեն մեկ շաբաթ է երկրի 3-4 մարզերում ընթացքի մեջ են մթերման աշխատանքները, և բոլոր ընկերություններն էլ պատրաստակամ են մթերել արտադրված բերքը, սակայն, ըստ նախարարի, ներկայումս առկա են որոշակի ֆինանսական խնդիրներ: Նա հավելել է, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում բոլոր մթերող կազմակերպությունները պետք է սկսեն մթերման աշխատանքները: