Home / Հայաստան / Թուրքիայում բախումների հետևանքով ոստիկաններ և «Իսլամական պետության» զինյալներ են զոհվել

Թուրքիայում բախումների հետևանքով ոստիկաններ և «Իսլամական պետության» զինյալներ են զոհվել

Նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Թուրքիայում վիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Տեղի ԶԼՄ֊ների համաձայն, երկու ոստիկաններ ու «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման յոթ զինյալներ մահացել են փոխհրաձգության արդյունքում, այն բանից հետո, երբ Թուրքիայի ոստիկանությունն անսպասելի ստուգայցեր է կատարել երկրի հարավ֊արևելքում գտնվող տասնյակ տներ։

Քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի Քայափընար թաղամասում շարունակվող բախումների հետևանքով վիրավորվել են չորս ոստիկաններ, երեք զինյալներ ձերբակալվել են, հայտնել են երկրի ուժային կառույցները։

Հոկտեմբերի 10֊ին Անկարայում տեղի ունեցած կրկնակի պայթյուններից հետո Թուրքիայի իշխանություններն ակտիվացրել են ռազմական գործողություններն ահաբեկչության մեջ մեղադրվող «Իսլամական պետության» դեմ։ Միևնույն ժամանակ Թուրքիայի բանակը շարունակում է ռազմական գործողություններ իրականացնել երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության զինյալների դեմ։

Անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քրդամետ ակտիվիստների ու քաղաքացիական խմբերի հավաքը թիրախավորած հարձակման հետևում կանգնած է ոչ միայն ԻԼԻՊ֊ը, այլև՝ Սիրիայի անվտանգության ուժերն ու Քրդական բանվորական կուսակցությունը։ Մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ, հասարակական նախաձեռնությունների ներկայացուցիչներ Էրդողանի հայտարարությունը դիտարկում են որպես ընտրություններից առաջ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը վարկաբեկելու քայլ։

Tekali Taxi