Home / Տեսանյութեր / Օրենքով արգելված է․ գործարարը նույն գործով հետապնդվում է երկրորդ անգամ

Օրենքով արգելված է․ գործարարը նույն գործով հետապնդվում է երկրորդ անգամ

Գործարար Կարեն Իսախանյանին նույն գործով երկրորդ անգամ մեղադրանք են առաջադրել, չնայած առաջին դեպքում գործը կարճվել է։ Դա արգելված է քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով (կրկին անգամ դատվելու անթույլատրելիությունը): Կարեն Իսախանյանը նախկինում մեղադրվել էր հաստոցաշինական «Լիդեր» ընկերության տնօրեն Սամվել Հակոբյանին թեթև մարմնական վնասվածք պատճառելու մեջ, սակայն քրեական գործը կարճվել էր՝ տուժողի չբողոքելու հիման վրա: Կարճման որոշումը չէր բողոքարկվել նախատեսված 7֊օրյա ժամկետում, իսկ 2 ամիս հետո Սամվել Հակոբյանը որոշել է բողոք ներկայացնել՝ պնդելով, թե ունի ծանր մարմնական վնասվածք։ Եղվարդ քաղաքի ոստիկանությունում կրկին քրեական գործ է հարուցվել։

Կարեն Իսախանյանի պաշտպան Հերմինե Միքայելյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, թե զարմանալի է, որ նման խախտումով հարուցված գործը վարույթ է ընդունվել դատարանի կողմից:

Միքայելյանի խոսքով՝ Կարեն Իսախանյանը ոչ թե մեղադրյալ պետք է լիներ, այլ տուժող, քանի որ հաստոցագործը նրանից գումար է վերցրել հաստոց սարքելու համար, սակայն դա չի արել։ Այդ փաստը զայրացրել է Իսախանյանին, և վերջինս մեկ հարված է հասցրել Հակոբյանին, որի հետևանքով վերջինս ընկել է և վնասել է ձեռքը։ Փորձաքննությունը վնասվածքը որակել է թեթև։ Փաստաբանը նշել է, որ այնուհետև հաստոցագործը գումար է շորթել իր պաշտպանյալից՝ ասելով, որ ինքը բուժման ծախսերը պետք է հոգա. մեկ անգամ պահանջել և ստացել է 200 հազար դրամ, երկրորդ անգամ՝ 900 հազար։ Այժմ Սմբատ Հակոբյանը հերքում է, թե հաստոց պատրաստելու համար իրեն վճարել են, թեև, փաստաբանի խոսքով, կան ստացականները:

«Տուժողը 24 անգամ ցուցմունք է տվել, 24 անգամ էլ տարբեր բաներ է ասել: Իրականում ոչ թե իմ պաշպանյալը պետք է մեղադրյալ լինի, այլ հենց տուժողը: Քանի որ առկա է շորթման, խարդախության, սուտ ցուցմունք տալու հանցակազմ»,- ասել է Հերմինե Միքայելյանը:

Փաստաբանը դիտավորություն է տեսնում նաև դատարանի գործելաոճում։ Առաջին դատական նիստը պետք է կայանար այսօր՝ նոյեմբերի 3֊ին, սակայն դատավոր Յուրի Բաղդասարյանի աշխատակազմից Միքայելյանին նիստի ժամը սխալ են ասել։ Արդյունքում դատարանը համարել է, որ Կարեն Իսախանյանն անհարկի բացակայել է։ Փաստաբան Միքայելյանը, սակայն, վստահ է, որ նիստը դիտավորյալ է տապալվել, որպեսզի տուժող Սամվել Հակոբյանը, ով այժմ երկրում չէ, հասցնի վերադառնալ։ 

Tekali Taxi