Home / Հայաստան / Թուրքիայում փոքրամասնությունները վախենում են ազատ արտահայտվել սոցցանցերում․ հարցում

Թուրքիայում փոքրամասնությունները վախենում են ազատ արտահայտվել սոցցանցերում․ հարցում

Թուրքիայում փոքրամասնությունների հարցերով զբաղվող՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող կազմակերպության անցկացրած հարցման համաձայն՝ երկրի էթնիկ փոքրամասնությունների 80 տոկոսն ի վիճակի չէ ազատ արտահայտվել սոցիալական ցանցերում, իսկ 35 տոկոսը արժանանում է ատելության խոսքի, հայտնում է Hurriyetdailynews.com կայքը։

Հարցումն անցկացվել է 2015 թվականի հունվարի 30֊ից ապրիլի 17֊ը Թուրքիայի՝ ասորի, հայ, հրեա և հույն համայնքների անդամ 746 քաղաքացիների շրջանում։

Հարցվածների միայն 20 տոկոսն է նշել, որ անկաշկանդ կիսվում է մտքերով սոցիալական ցանցերում, մինչդեռ 80 տոկոսի խոսքով՝ «վախի ու մտահոգությունների» պատճառով իրենք ի վիճակի չեն իրենց իրական կարծիքներն արտահայտել։

Հարցմանը մասնակցած փոքրամասնությունների շուրջ 86 տոկոսն ասել է, որ սոցիալական մեդիայում գրանցված է իրական անունով, իսկ 2 տոկոսը՝ կեղծանուն է օգտագործել․ մնացած 12 տոկոսը գրանցված է թե՛ իրական, թե՛ կեղծ անունով։

Փոքրամասնությունների 35 տոկոսը սոցիալական ցանցերում արժանանում է ատելության խոսքի։ Հարցվածների մեկ երրորդից ավելին ասել է նաև, որ տվյալ հարթակներում ենթարկվել է զրպարտանքի, նվաստացման ու սպառնալիքների ազգային ինքնության հողի վրա։

Հարցման արդյունքների համաձայն, թեև փոքրամասնությունների ներկայացուցիչներն ազատ չեն ցանցերում արտահայտվելու հարցում, Թուրքիայի էթնիկ փոքրամասնությունների շուրջ 60 տոկոսը համոզված է՝ սոցիալական մեդիան նպաստել է հասարակության մնացած հատվածի հետ իրենց հարաբերությունների ընդլայնմանը։

Մասնակիցների 80 տոկոսի խոսքով՝ Թուրքիայում անհրաժեշտ է ներդնել սոցիալական մեդիայում իրավունքների խախտումներն ու խտրականությունը պատժող իրավական միջոցներ։

Նախագծի հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Ուլաշ Քարանն ասել է, որ սոցիալական ցանցերում ատելության խոսքի ու խտրականության դեպքերը Թուրքիայում հետաքննության առարկա չեն դառնում։

Թուրքիայի ՔՕ 216֊րդ հոդվածն արգելում է հասարակության շրջանում թշնամանքի ու ոխի տարածումը։ Քարանի խոսքով, սակայն, տվյալ դրույթը չի կիրառվում, երբ խոսքը վերաբերում է փոքրամասնությունների նկատմամբ ատելության տարածմանը։

Tekali Taxi