Գլխավոր / Հայաստան / Ռուբեն Հայրապետյանը ֆուտբոլիստներին է վերագրում Ալբանիային խաղը վաճառելը

Ռուբեն Հայրապետյանը ֆուտբոլիստներին է վերագրում Ալբանիային խաղը վաճառելը

Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան — Ալբանիա խաղի ժամանակ տեղի է ունեցել դավաճանություն։ Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Նշենք, որ խաղից հետո ալբանական և սերբական կայքերը գրել էին, թե Հայաստանի հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ կաշառք են վերցրել։ Խաղն ավարտվել էր հայաստանցիների պարտությամբ 0։3 հաշվով, իսկ Ալբանիան Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր էր նվաճել։

Լրագրողի հարցին, թե ինչու է ինքը նման համոզման եկել, Հայրապետյանը պատասխանել է. «Ես, որպես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, խաղը չեմ նայում երկրպագուների աչքերով։ Ցավոք սրտի, դա իմ համոզմունքն է։ Կարծում եմ, որ իրականում եղել է դա, և մեր գործն է, որ դա բացահայտենք, և այդ մարդկանց անունները հրապարակենք։ Դա իմ անձնական գործն է։ Ուղղակի մենք հիմա փաստեր չունենք, բայց կարծում եմ՝ կլինեն»։

Նրա խոսքով՝ խաղը վաճառվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողների կողմից։

«Խաղը սկսվելուց կես ժամ անց ես դա արդեն հասկացել էի», — ասել է Հայրապետյանը՝ նշելով, որ իր կասկածների մասին դեռ հավաքականի անդամների հետ չի խոսել։

Նա կարծիք է հայտնել, որ խաղը վաճառողներին կհաջողվի բացահայտել։

Հայրապետյանը նաև ասել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, ինչպես իրենից պահանջում են «Հայկական առաջին ճակատ» (ՖԱՖ) երկրպագուների խումբը։

«Հավաքականի առաջ շատ լուրջ խնդիր է ծառացած, ես այդ խնդիրը մինչև չհարթեմ, չլուծեմ հրաժարական չեմ տա։ Ինքս, ազնվորեն, հոգնել եմ, ես էլ եմ սպառել ինձ, ազնվորեն ասում եմ, բայց ես չեմ թողի էս վիճակում, խնդիր կա՝ իմ ժամանակում այդ աղբը լցվել է, ես պետք է մաքրեմ ու նոր գնամ։ Ինձ այդքան էլ չի հետաքրքրում բացահայտել, պատժելը, ինչքան բացահայտել, մաքրելը, որ մյուսների համար դաս լինի, մյուս սերունդները չանեն», ֊ ասել է ՀՖՖ նախագահը։