Home / Հայաստան / Արագաչափերի օրոք վթարների թիվն աճել է․ Փաշինյանը թվեր է ներկայացրել

Արագաչափերի օրոք վթարների թիվն աճել է․ Փաշինյանը թվեր է ներկայացրել

Հայաստանի ավտոճանապարհների վրա երեք տարի է՝ արագաչափեր են գործում, բայց երթևեկության կարգուկանոնի և անվտանգության տեսակետից ոչ մի դրական փոփոխություն չի գրանցվել: Այդ մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ 2011 թվականին Հայաստանի ավտոճանապարհներին գրանցվել է 2319 ավտովթար, իսկ 2014 թվականին՝ 3156, այսինքն՝ արագաչափերի գործունեության ընթացքում վթարների թիվն աճել է 36 տոկոսով:

Փաշինյանն ընդգծել է, որ չի պակասել նաև ավտոճանապարհային վթարներից տուժածների թիվը. 2011 թվականին 2964 տուժող է եղել, իսկ 2014 թվականին՝ 4776 տուժող: Այս առումով աճը կազմել է 61 տոկոս:

Պատգամավորը հիշեցրել է, որ 2015 թվականի սեպտեմբերին՝ խորհրդակցության ժամանակ, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 70 տոկոսով կրճատվել են ավտոճանապարհային խախտումները, մինչդեռ պաշտոնական տվյալները, ըստ պատգամավորի, ցույց են տալիս լրիվ հակառակը: 2011 թվականին գրանցվել է 679.978 որոշում խախտման մասին, իսկ 2014 թվականին՝ 1.647.252: Հետևաբար, ըստ Փաշինյանի, գրանցվել է 142 տոկոս աճ, իսկ Սարգսյանը խոսում էր 70 տոկոս նվազման մասին:

«Էս երկրում չես հասկանում՝ վիճակագրություն կա՞, թե՞ չկա: Ում ինչ թիվ ձեռ ա տալիս՝ ասում է»,- նշել է պատգամավորը:

Փաշինյանը նաև հիշեցրել է, թե ում են պատկանում այդ արագաչափերն ու տեսախցիկները․ «Միլիոնավոր գումարներ, որ մարդիկ կարող էին տալ իրենց երեխաներին շոր ու կոշիկ առնելու համար, տալիս են ինչ-որ կազմակերպության, որի եկամուտների մեծ մասը տնօրինում է, օդում կախված լուրերի համաձայն, Սերժ Սարգսյանի ընտանիքը, և ավելի կոնկրետ՝ նրա եղբոր անունն է նշվում ՝ Ալեքսանդր Սարգսյան: Կապ չունի՝ ով է նրանցից, անձամբ Սերժ Սարգսյանը, նրա փեսա Միքայել Մինասյանը, թե եղբայրը, կապ չունի, մարդիկ ուզում են իմանալ, ինչի՞ համար են էդ փողը տալիս»:

Փաշինյանը հերթական անգամ համոզմունք է հայտնել, որ արագաչափերը պետք է հանվեն Հայաստանի ավտոճանապարհներից:

«Լոս Անջելեսում նույն խնդիրն է եղել, որոշ ժամանակ անց հասկացել են, որ, վնասից բացի, ոչ մի օգուտ չի բերում», ասել է նա: 

Tekali Taxi