Home / Տեսանյութեր / Ցմահ ազատազրկվածների հարազատները փորձել են փակել փողոցը․ ԱԺ֊ում նրանց կլսեն վաղը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ցմահ ազատազրկվածների հարազատները փորձել են փակել փողոցը․ ԱԺ֊ում նրանց կլսեն վաղը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազգային ժողովի դիմաց հավաքված ցմահ դատապարտվածների հարազատներն այսօր փորձել են փակել Բաղրամյան պողոտան։

Արդեն 8–րդ օրը հացադուլի մեջ գտնվող 3 տասնյակից ավելի ցմահ դատապարտյալների հարզատներն այսօր հերթական բողոքի ակցիան են անցկացրել ՀՀ Կառավարության շենքի դիմաց, որտեղից էլ շարժվել են դեպի Ազգային ժողով։ Ցմահ ազատազրկվածների հարազատները շարունակում են իշխանություններից պահանջել ուշադրություն դարձնել հացադուլավորների բարձրացրած 10 պահանջներին, որոնցից է՝ վերանայել քրեական գործերը։

Լրագրողների հետ զրույցում նրանք նշել են, որ հացադուլ հայտարարած 36 դատապարտյալներից 3-ը դեկտեմբերի 17-ի երեկոյան առողջական խնդիրների պատճառով դադարեցրել են հացադուլը։

Կառավարության շենքի մոտ նրանց ոչ ոք չի հանդիպել և հացադուլավորների հարազատները շարժվել են Ազգային ժողով, որտեղ պահանջել են հանդիպել Հանրապետական կուսակցության որևէ պատգամավորի հետ։

«Արդեն 8-րդ օրն է՝ էրեխեքը հացաադուլի մեջ են, ու ոչ մեկը չի հետաքրքրվում ո՛չ նրանց առողջությամբ, ո՛չ էլ նրանով, թե խի են էդ էրեխեքը հացադուլ հայտարարել։ Միևնույն ա՞ իրանց համար», ֊ ասել է հացադուլի մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանի մայրը՝ Մարինե Բադալյանը։

Ազգային ժողովի՝ Դեմիրճյան փողոցում գտնվող մուտքի մոտ բողոքողները կանգնեցրել են շենքից դուրս եկող ՀՀԿ֊ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին։ Ցուցարարները պատգամավորին են հանձնել հացադուլավորներին հանդիպելու և նրանց խնդիրները լսելու ու քննարկելու պահանջով իրենց նամակը։

Հակոբյանը խոստացել է ծանոթանալ նյութին և այն ներկայացնել նաև մյուս պատգամավորներին։

Ծնողները հանդիպել են նաև ՀՀԿ֊ական պատգամավոր Նահապետ Գևորգյանին՝ խնդրելով «մի բան անել», որպեսզի ցմահ դատապարտյալները դադարեցնեն հացադուլը։

«Ես ի՞նչ անեմ, զանգի քո տղուն խնդրի, թող հացադուլից դուրս գան։ Ես անզոր եմ, ոչ մի բանով չեմ կարա օգնեմ», ֊ պատախանել է Նահապետ Գևորգյանը։

Ցմահ ազատազրկվածների հարազատները նաև փորձել են ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ֊ական Հովհաննես Սահակյանին հանձնել քրեական գործերը վերանայելու պահանջով 10 000 ստորագրությամբ դիմումը, սակայն ԱԺ֊ից նրանց փոխանցել են, որ ՀՀԿ֊ական պատգամավորը հարցազրույցի է և չի կարող իրենց ընդունել։

Դատապարտյալների ծնողները, ցանկանալով ուշադրություն հրավիրել իրենց խնդրի վրա, փորձել են փակել Բաղրամյան փողոցը։ Ոստիկանները, սակայն, թույլ չեն տվել նրանց դա անել՝ ասելով, որ այդ քայլն անօրինական է և «հարցի լուծում չէ»։ Մայթեզրին քաշքշուք է սկսվել, որի հետևանքով բողոքողներից երկուսի ինքազգացողությունը վատացել է, իսկ տարեց մի կին ընկել է գետնին, ում օգնություն են ցույց տվել։ Այդ պահին Մարինե Բադալյանին է զանգահարել Հովհաննես Սահակյանն ու խոստացել վաղն ընդունել ցմահ դատապարտյալների ծնողներից վեցին և քննարկել խնդիրները։ 

Tekali Taxi