Home / Տեսանյութեր / Ցմահ դատապարտվածների հարազատները սպառնում են միանալ հացադուլին

Ցմահ դատապարտվածների հարազատները սպառնում են միանալ հացադուլին

Այսօր Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել արդեն 4 օր հացադուլի նստած 52 ցմահ ազատազրկվածների հարազատները։ Նրանք դատապարտում են Կառավարության անդամների վարքը, որոնք բացարձակ անտարբեր են հացադուլավորների պահանջների հանդեպ։ Բողոքողները սպառնացել են, որ իրենք էլ հացադուլ կսկսեն, եթե հարցին լուծում չտրվի։

Ցմահ դատապատվածները պահանջում են վերանայել իրենց գործերը, հնարավարություն տալ 20 տարուց ավել բանտում անցկացրած անձանց, օրենքի համաձայն, վաղաժամ ազատվել։ 

Այսօր հարազատները լրագրողների հետ զրույցում ասում էին, որ ցմահ ազատազրկվածներից շատերը դատապարտվել են այլոց կողմից կատարված հանցանքների համար, մյուսները ստացել են արարքին ոչ համարժեք պատիժ։ Ակցիայի մասնակիցները նաև դժգոհում էին ԶԼՄ֊ների, հատկապես՝ հեռուստատեսությունների անտարբերությունից։ Նրանք նշում էին, որ հեռուստատեսությամբ ցույց են տալիս այլ երկրներում դատավճիռների, դրանց վերանայումների մասին սյուժեներ, սակայն Հայաստանում ընթացող հացադուլը չեն լուսաբանում, չեն խոսում ցմահ դատապարտվածների պահանջներից։

Բողոքող կանանցից մեկն ասել է՝ ցմահ ազատազրկվածները բանվորական ընտանիքներից են և նրանց մեծ մասը հայտնվել են խցում միայն այն պատճառով, որ իրենք փող չեն ունեցել։

Ցմահ ազատազրկվածներից 14֊ը դատապարտվել են զինված ուժերում կատարված հանցագործությունների համար։ Այդպիսի մի գործով դատապարտվել է 3 ամսվա զինծառայող Էմիլ Չիվթչյանը։ Նրա մայրը՝ Վարսենիկ Ղազարյանը, Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ պահանջում է վերանայել գործը, քանի որ սպանության վարկածը հիմնավորող բավարար ապացույցներ չեն եղել։

Հայաստանում 108 ցմահ ազատազրկվածներից 46֊ը դատապարտվել են մեկ մարդու սպանության համար։ Նման հանցագործության համար է ազատազրկվել Լոռու մարզի Ագարակ համայնքի բնակիչ Արեն Չատինյանը։

«Իմ որդուց եղունգների տվյալներ, մատնահետքեր են վերցրել, չի համապատասխանել դեպքի վայրի ապացույցների հետ։ Այդտեղ ծխախոտի մնացորդներ են եղել, դրանք էլ չեն համապատասխանել որդուս մոտ եղածին։ Թող վերաբացեն գործը, եթե ապացուցեն, որ ինքն է արել, ես ձենս կկտրեմ»,֊ ասել է Չատինյանի մայրը՝ Ալլա Մարտիրոսյանը։

Սպանության համար է դատապարտվել նաև Վաղարշակ Ավետիսյանը։ Վերջինիս մայրը՝ Մարինե Բադալյանը, Կառավարության շենքի մոտ հայտարարել է, որ իր որդուն ծեծել է Գորիսի դատախազը, ով Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ներկայումս Հայաստանի կողմից ՄԻԵԴ֊ում դատավոր Արմեն Հարությունյանի եղբայրն է։

«Ինձ ասում էր՝ ում պետք է բողոքես։ ՄԻՊ֊ին պետք է բողոքես, եղբայրս է։ Ես Գորիսում մտնում էի խանութ, մարդիկ չգիտեին, որ ես Վաղարշակի մայրն եմ, խոսում էին՝ էդքան ծեծելուց հետո ոնց իր վրա չի վերցնում։ Դատախազը որդուս ասել էր՝ քո վրա վերցրու՝ 15-20 տարի կտանք։ Մինչև վերջ չվերցրեց», ֊ ասել է Բադալյանը։