Գլխավոր / Հայաստան / Ի՞նչ իրավունքով էին զոհված զինվորների ծնողներին արգելում հավաք անցկացնել նախագահականի մոտ

Ի՞նչ իրավունքով էին զոհված զինվորների ծնողներին արգելում հավաք անցկացնել նախագահականի մոտ

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացել է հայկական բանակում 2010 թվականին զոհված զինծառայողներ Արթուր Ղազարյանի և Վալերի Մուրադյանի մայրերի՝ Իրինա Ղազարյանի և Նանա Մուրադյանի՝ ոստիկանների դեմ բողոքի քննությունը։ Նիստին ընթացքում դատախազ Հ․Պետրոսյանը պնդել է, թե մայրերի դեմ ուժ կիրառած ոստիկանների դեմ քրեական գործ չհարուցելու քննիչի որոշումը օրինաչափ է։

Դեպքը տեղի է ունեցել այս տարվա մայիսի 13-ին, երբ ոստիկանության աշխատակիցները, բռնություն կիրառելով, նախագահական նստավայրի դիմացից հեռացրել էին Ղազարյանին և Մուրադյանին։ Կանայք հաղորդում էին ներկայացրել ոստիկանների դեմ՝ նշելով, որ ոստիկանների գործողությունների հետևանքով իրենք տուժել էին ֆիզիկապես: Հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել, սակայն հանցակազմի բացակայության պատճառով գործը կարճվել էր:

Այժմ Ղազարյանն ու Մուրադյանը պահանջում են, որ Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Հ. Թադևոսյանի կողմից հետապնդում չիրականացնելու և վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացվի և նոր անաչառ քննություն իրականացվի:

Այսօրվա նիստի ընթացքում հայցվորների ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը հարց է բարձրացրել, որ եթե, ինչպես պնդում է դատախազը, ոստիկանների՝ մայիսի 13-ին կատարած գործողությունները համապատասխանում են օրենքին, ապա ինչու ծնողներին ավելի վաղ տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում չէին հեռացնում նախագահական նստավայրի մոտից։

Նա մասնավորապես, նշել է, որ նույն ծնողները 2014 թվականին նախագահականի դարպասների մոտ նույնպես հավաքներ են արել, և ոչ մեկը նրանց չի արգելել: Այս առիթով Հարությունյանը ներկայացրել է մամուլից վերցված լուսանկարներ:

Դրան ի պատասխան՝ դատախազ Թադևոսյանն ասել է, որ նշված փաստարկը չի կարելի որպես հիմնավորում օգտագործել: Ըստ նրա՝ այդ հավաքների թույլատրումը միայն ոստիկանների բարի կամքի դրսևորում է եղել:

Еpress.am-ի լրագրողի հետ զրույցում Հայկուհի Հարությունյանն ասել է, որ դատարանում իրենք երկու պահանջ են ներկայացնում։ Առաջին պահանջն այն է, որ նախաքննության ընթացքում պատշաճ կերպով չի գնահատվել խաղաղ հավաքների ազատության իրավունքի խախտումը:

Փաստաբանի խոսքով՝ այդ առաջին բաղադրիչը՝ խաղաղ հավաքներ իրականացնելու իրավունքը, ընդհանարեպես քննության առարկա չի դարձել: Երկրորդ պահանջի՝ ոստիկանության կողմից բռնություն կիրառելու մասով, դատախազը մեխանիկորեն հղում է կատարում ոստիկանության մասին օրենքին՝ ասելով, որ, այն բոլոր դեպքերում, երբ ոստիկանությունը ինչ-որ բան է կարգադրում և քաղաքացիները չեն կատարում, ոստիկանն իրավունք ունի ուժ կիրառել: Մինչդեռ, Հարությունյանը պնդում է, որ դատախազն առաջին հերթին պետք է պարզեր, որքանով էր օրինական ծնողների հավաքն արգելելու ոստիկանի որոշումը։

Դատավոր Արմեն Խաչատրյանը, լսելով կողմերի փաստարկները, որոշել է հաջորդ դատական նիստը նշանակել 2016 թվականի հունվարի 11-ին։

Tekali Taxi