Գլխավոր / Ապատեղեկատվություն / Հայաստանը՝ ԵՄ-ին միացած 30-րդ պետություն. 2016-ի լուր՝ ըստ Հրայր Մանուկյանի

Հայաստանը՝ ԵՄ-ին միացած 30-րդ պետություն. 2016-ի լուր՝ ըստ Հրայր Մանուկյանի

Ամանորին ընդարաջ Epress.am-ի թիմը որոշում էր ամփոփել տարին` փորձելով շեշտը դնել դրական իրադարձությունների վրա: Պարզվեց, որ դա այդքան էլ հեշտ չէ: Մտածեցինք, որ կարելի է գրել այն, ինչ կցանկանայինք լուսաբանել: Մեզ հետ երևակայեցին մեր ընկերները:

Գերմանիայի Բունդեսթագն այսօր միաձայն կողմ արտահայտվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու պայմանագրին՝ ավարտին հասցնելով պայմանագրի վավերացման գործընթացը ԵՄ-ում։ Հաջորդ տարվա հունվարի 1-ից Հայաստանը պաշտոնապես կդառնա ԵՄ-ին միացած 30-րդ պետությունը։

Հիշեցնենք, որ 1 ամիս առաջ Հայաստանն ամբողջությամբ համապատասխանեցրեց եվրոպական ստանդարտներին նաև իր հարկաբյուջետային քաղաքականությունը՝ ընդունելով եկամուտների և գույքի համատարած պարտադիր հայտարարագրման համակարգը՝ որպես կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարի ամենաարդյունավետ ժամանակակից միջոց։ Օրենքի ընդունմանը ՀՀ ԱԺ-ում դեմ էին հանդես եկել նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմնակից պատգամավորները, ովքեր դեմ էին քվեարկել նաև Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու նախաձեռնությանը։

Խոսելով ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունների անսպասելի արագության ու հաջողության մասին՝ Հայաստանի կողմից գլխավոր բանակցող Բորիս Նավասարդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վերջին դժվարությունը կապված էր հենց կոռուպցիայի դեմ պայքարի հետ։ Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի, Աժ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի, Պետեկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի, նախկին Ոստիկանապետ Վովա Գասպարյանի և մոտ 120 այլ բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձանց աղմկահարույց ձերբակալությունները տարեսկզբին ու նրանց իրագործած կոռուպցիոն սխեմաների բացահայտումն ու հրապարակայնացումը, ըստ էության, դարձան այն բեկումնային կետը, որը հնարավոր դարձրեց ԵՄ-ին անդամակցության բանակցություններում թռիչքային առաջընթաց արձանագրել։