Home / Հայաստան / Ադրբեջանի իշխանությունները դաժանորեն ցրում են ցույցերը

Ադրբեջանի իշխանությունները դաժանորեն ցրում են ցույցերը

Ադրբեջանի ոստիկանները ջրցան մեքենաների, արցունքաբեր գազի ու մահակների կիրառմամբ ցրել են մայրաքաղաք Բաքվից 168 կմ հեռավորության վրա գտնվող Գուբա քաղաքի կենտրոնում հավաքված ցուցարարներին, որոնք, ինչպես երկրի մյուս շրջանների բնակիչները, վերջին օրերին բողոքում են մանաթի արժեզրկման, կտրուկ գնաճի, գործազրկության ու այլ սոցիալական խնդիրների դեմ:

Բախումների հետևանքով բերման ենթարկվածների հստակ թիվը չի նշվում: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության («Ազադլիգ») փոխանցմամբ՝ հունվարի 15-ին շուրջ հինգ հազար տղամարդ բողոքի է դուրս եկել քաղաքի երկաթուղային կայարանի մոտակայքում: Տեղի իշխանությունների ներկայացուցիչները ցուցարարներին հորդորել են ցրվել՝ խոստանալով հարթել խնդիրները: Մարդիկ, սակայն, հրաժարվել են հեռանալ: Քաղաք են մտցվել ներքին զորքերի ջոկատներ ու շրջափակել ցուցարարներին. ուժայինները վերահսկողության տակ են վերցրել նաև մուտքը ու ելքը Գուբայից:

«Ազադլիգ»-ը, հղում կատարելով տեղացիներին, հայտնում է նաև, որ հավաքվածների մեծամասնությունը մոտակա գյուղերի բնակիչներ էին, որտեղ սոցիալ-տնտեսական իրավիճակը հատկապես ծանր է:

 

Ուրբաթ առավոտյան ոստիկանությունը հաղորդել է տեղի մզկիթում տեղադրված ռումբի մասին՝ հավատացյալներին կոչ անելով չներկայանալ ուրբաթօրյա աղոթքին: Զգուշացումը, սակայն, քաղաքացիների կողմից ընդունվել է որպես մարդկանց կուտակումներ թույլ չտալու հնարք, նշում է contact.az-ը: Երեկոյան իրավապահներն սկսել են ուժի կիրառմամբ ցրել մարդկանց:

Հունվարի 13-ին սոցիալական պահանջներով բողոքի ակցիաներ էին անկացվել Ադրբեջանի մի շարք այլ շրջաններում: Բերման էին ենթարկվել տասնյակ ակտիվիստներ, այդ թվում՝ երեք ընդդիմադիր՝ Նազիմ Հասանլին, Իման Ալիևն ու Թուրան Իբրահիմը: Իշխանություններն ակցիաները կազմակերպելու մեջ մեղադրել են ընդդիմադիր «Մուսավաթ» և «Ազգային ճակատ» կուսակցություններին:

Tekali Taxi