Home / Հայաստան / Պետությունը պետք է իրականացնի զորակոչիկների սեռաբջիջների պահպանության աշխատանքներ, պնդում է պատգամավորը

Պետությունը պետք է իրականացնի զորակոչիկների սեռաբջիջների պահպանության աշխատանքներ, պնդում է պատգամավորը

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է պետականորեն երաշխավորել 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սեռաբջիջների պահպանությունն՝ այդ նպատակով ստեղծված պահպանության բանկում, գրում է Tert.am֊ը:

Ըստ պատգամավորի՝ այդ քայլը պետք է լուծի պատերազմ գնացող տղաների գենետիկ վերարտադրության խնդիրը, իսկ ավելի կոնկրետ` զինակոչիկների սերունդների շարունակականությունը կերաշխավորի:

«Հաշվի առնելով, որ զինվորական ծառայությունը լի է բազում անկանխատեսելի վտանգներով և ռիսկերով, ապա՝ զորակոչիկների հետագա վերարտադրողականությունն ու նրանց՝ սերունդների շարունակականությունն ապահովելու նպատակով, սեռաբջիջների պահպանության բանկի ստեղծումը կունենա կարևոր և էական նշանակություն», ֊ Tert.am֊ի փոխանցմամբ նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Պողոսյանի համաձայն, «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի սեռաբջիջների և սաղմի պահպանության մասին 7-րդ հոդվածը լրացվում է նոր նախադասությամբ․ «Պետությունը կպարտավորվի ՀՀ քաղաքացիների՝ մինչև զինվորական ծառայության մեկնելն իրականացվող առողջապահական ստուգումների ընթացքում իրականացնել նրանց սեռաբջիջների պահպանության աշխատանքներ»:

Tert.am-ի հետ զրույցում Թևան Պողոսյանը բացատրել է, թե ինչպես է եկել այդ գաղափարին․ «Մի գեղեցիկ օր արթնացել էի, նայում էի սոցիալական ցանցերով քննարկումներին, շատ մարդիկ ասում էին` վայ, էս ի՞նչ հերոս տղաներ են, և այլն, բա նրանք սերունդներ չունենայի՞ն, և ասացի` եթե մարդիկ նման ցանկություններ են հայտնում, գրում են այդ մասին, ինչո՞ւ այդ գաղափարը չունենալ: Վա՞տ գաղափար է»:

Կայքի լրագրողի հարցին, թե, եթե իր սերմնաբջիջն այդ բանկային հանձնած այդ զորակոչիկը զոհվի, ապա պահվող կենսաբանական նյութը կարող է անհրաժեշտ լինել նրանց ծնողներին՞, սիրած աղջիկների՞ն, օրենքի նախագծի հեղինակը պատասխանել է․ «Մեկը կարող է թոռ ունենալու ցանկությամբ պահպանի, մյուսը, օրինակ՝ չամուսնացած կին, որը արհեստական բեղմնավորմամբ ուզում է երեխա ունենալ, մտածում է` ո՞ւմն է լինելու, իսկ այս դեպքում կարող է գնալ, կոնկրետ ասել՝ այ, էն հերոս տղայից եմ ուզում երեխա ունենալ, որ իմ տղեն էլ կամ երեխան էլ նման լավ գենետիկ կոդ ունեն, այդ տղան էլ գենետիկական շարունակություն ունենա: Սա մի տարբերակ, մյուսը` այո, ծնողներինն է, որ, օրինակ՝ ուզեն իրենց մինուճար տղեն սերունդ ունենա… Չգիտեմ` ոնց են օգտագործելու, իմ խնդիրն այն է, որ նման հնարավորություն ունենանք` մեր գենետիկ բազան պահպանվի․․․ Եվ այնպես չէ, որ ով գնում է բանակ, չի գալու, թող տան, գնան, իսկ վերադառնալուց հետո արդեն այդ կենսաբանական նյութն առանց իր թույլատվության չի կարող օգտագործվել»:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի կառավարությունից նախագծի վերաբերյալ, Թևան Պողոսյանն ասել է, որ չգիտի, ինքը անհրաժեշտ է համարել «գաղափարը գրել», ինքն էլ գրել է:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Tekali Taxi