Home / Հայաստան / Բանտում մահացած երիտասարդի փաստաբանը պահանջում է վերաբացել քրեական գործը

Բանտում մահացած երիտասարդի փաստաբանը պահանջում է վերաբացել քրեական գործը

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 2016 թվականի հունվարի 4-ին մահացած Անզոր Կարապետյանի մասնակցությամբ 2015-ի դեկտեմբերի 31-ին տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է, իսկ ծեծկռտուքի մյուս մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում չի չիրականացվելու։ Այս մասին գրում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ պահանջելով վերացնել քրեական հետապնդում չի իրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը:

Կազմակերպության հաղորդմամբ՝ ծեծկռտուքի մասնակիցների գործողությունները, այդ թվում՝ Անզոր Կարապետյանին մարմնական վնասվածքներ հասցնելը, դիտարկվել են որպես ինքնապաշտպանություն:

Տուժողի իրավահաջորդների շահերը պաշտպանող փաստաբան Անի Չատինյանը բողոքարկել է քննիչի այս որոշումը՝ նշելով, որ արդյունավետ քննություն չի իրականացվել, և ապացույցներ ձեռք են բերվել միայն Կարապետյանի կողմից մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ, իսկ մյուսների գործողությունների վերաբերյալ որևէ ապացույց ձեռք չի բերվել:

Բացի դա, վարույթն իրականացնող մարմինը միջոցներ չի ձեռնարկել՝ պարզելու համար Կարապետյանի մարմնական վնասվածքների պատճառներն ու դրանց առաջացման մեխանիզմները՝ չնայած որ իրականացվել է դատաբժշկական փորձաքննություն: Հետևաբար, նշում է կազմակերպությունը, գործում առկա ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման:

«Ինչ վերաբերում է հարցաքննված անձանց կողմից տրված ցուցմունքներին, ապա վարույթն իրականացնող մարմինը, ունենալով իրար հակասող ցուցմունքներ, առանց որևէ հիմնավորման՝ արժանահավատ է համարել միայն ծեծկռտուքի մասնակիցների ցուցմունքները, այն դեպքում, որ վերջիններս հնարավորություն են ունեցել տրվող ցուցմունքների շուրջ համաձայնության գալու, քանի որ հարցաքննությունը դեպքից մի քանի օր անց է տեղի ունեցել: Վարույթն իրականացնող մարմինը, ուշադրության չարժանացնելով նաև Անզոր Կարապետյանի մոր ցուցմունքն այն մասին, որ ծեծկռտուքը կանխելու նպատակով երկու անգամ ոստիկաններ են մոտեցել խմբին, միջոցներ չի ձեռնարկել վերոնշյալ ոստիկանների ինքնությունը պարզելու և հարցաքննելու ուղղությամբ»,- գրում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Հիշեցենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքում տեղի է ունեցել ծեծկռտուք, որին մասնակցել է նաև Անզոր Կարապետյանը, որից հետո նա ներկայացել է ոստիկանություն, նրան ձերբակալել են, այնուհետև 2016 թվականի հունվարի 3-ի երեկոյան դատարանի որոշմամբ կալանավորվել է և գիշերը տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ: Համաձայն պաշտոնական վարկածի, հաջորդ օրը բանտախցում հայտնաբերվել է 21-ամյա երիտասարդին դին կախված վիճակում: Փորձաքննության համաձայն, երիտասարդը ինքնասպանություն է գործել, մինչդեռ նրա հարազատները այդ վարկածին չեն հավատում։

Լուսանկարը՝ azatutyun.am

Tekali Taxi