Home / Տեսանյութեր / Բյուրեղապակու գործարանի աշխատակիցներն իրենց աշխատավարձը պահանջեցին նախագահականի դիմաց

Բյուրեղապակու գործարանի աշխատակիցներն իրենց աշխատավարձը պահանջեցին նախագահականի դիմաց

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում ապակու արտադրությամբ զբաղվող «Glass World Company» ընկերության նախկին աշխատակիցներն այսօր նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով 6 ամսվա չվճարված աշխատավարձերը։

Գործարանի մոտ 50 աշխատակիցներ արդեն մեկ տարի է պայքարում են իրենց հասանելիք գումարները ստանալու համար։ Նրանց խոսքով՝ ընդհանուր պարտքը կազմում է 50 մլն դրամ։

«Պետությունը գործարանին պարտք ա 73 միլիոն դրամ, եթե այդ պարտքերը տան, մեզ էլ մեր աշխատավարձերը կտան, բայց չինովնիկները չեն ուզում էդ փողը տան։ «Հրազդան» ցեմենտի գործարանի պարտքը չեղյալ են հայտարարում, իսկ այս գործարանին ոչ մի ուշադրություն չեն դարձնում», – Epress.am ի հետ զրույցում ասել է գործարանի նախկին աշխատակիցներից Արմեն Փաթաթանյանը։

Նրա խոսքով՝ իրենք դիմել են նաև Կառավարություն ու Էկոնոմիկայի նախարարություն, սակայն երկու տեղից էլ բացարձակ անտարբերություն են ցուցաբերել իրենց խնդրի նկատմամբ։

«Մենք հիմա չգիտենք էլ ում դիմենք, որովհետև բոլոր տեղերից հեղհեղուկ պատասխաններ են տալիս։ Նախագահականի աշխատակիցներն էլ այսօր եկան, իմացան, թե ինչի համար ենք հավաքվել, խոստացան, որ տեղյակ կպահեն նախագահին», ֊ ասել է ակցիայի մասնակիցը։

Նշենք, որ 2015 թվականի օգոստոսին ընկերությունը 300 աշխատակիցներին առանց աշխատավարձը տալու տեղեկացրել էր, որ վերջիններս պետք է իրենց հաշվին անժամկետ արձակուրդ գնան: Արզնիի բյուրեղապակու գործարանի հիմքի վրա 2004 թվականին ստեղծված Glass World Company ընկերությունն արտադրում էր ապակյա տարաներ՝ հանքային ջրերի, լիմոնադների և այլ ըմպելիքների համար: 2014 թվականին գործարանի աշխատանքները դադարեցվել են՝ վերանորոգման պատճառաբանությամբ: 2015 թվականի մարտից գործարանը նորից աշխատել է, իսկ 5 ամիս անց այն կրկին փակվել է։ Աշխատավարձի պարտքը վճարել են աշխատողների մի մասին։

Tekali Taxi