Home / Հայաստան / Փոխնախարարի խոստումից հետո էլ խաղողագործների պարտքը չփակեցին

Փոխնախարարի խոստումից հետո էլ խաղողագործների պարտքը չփակեցին

«Վինար» գործարանն այսօր կրկին չի վճարել Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործների գումարները․ գործարանի աշխատակիցը գյուղացիների զանգերին չի պատասխանել։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է խաղողագործ Զաքար Պետրոսյանը։ Գործարանը, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանին, խաղողը մթերել է դեռևս նախորդ տարվա աշնանը։ Քաղցրաշենցիները վերջին ամիսներին մի քանի բողոքի ակցիա են անցկացրել Երևանում և իրենց բնակավայրում, սակայն ապարդյուն։

Նախորդ շաբաթ Գյուղանտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը նշել էր, որ ամենաուշը չորքեշաբթի գործարանը կվճարի խաղողագործների ողջ պարտքը։

«Ոչ մի բան չտվին, էլի ժողովուրդը հավաքվել էր գյուղամեջում, էլի խոսեց, զայրացավ, քֆուր-քյաֆար տվեցին, գնացին տներով», -ասել է Պետրոսյանը՝ նշելով, որ ամեն դեպքում խաղողագործները կանգ չեն առնելու և ավելի կտրուկ և լուրջ քայլեր են ձեռնարկելու։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչները 2015 թվականի աշնանն առատ բերքի պայմաններում ստիպված են եղել խաղողի կիլոգրամը Քաղցրաշենի գինու գործարանին հանձնել անգամ 40 դրամով, սակայն մինչ օրս գումարները չեն ստացել։ Նրանք պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացրել ՀՀ կառավարության շենքի և նախագահական նստավայրի մոտ։ Գյուղացիների հավաստմամբ՝ գործարանի տնօրինությունից իրենց ասել էին, թե գումարները կտան 2016 թվականի՝ մարտ-ապրիլ ամիսներին։ Քաղցրաշենում խաղողը մթերել էր «Վինար» գործարանը, որի սեփականատերը ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն է։

Tekali Taxi