Գլխավոր / Հայաստան / Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ ընդդեմ Ռուսաստանի

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ ընդդեմ Ռուսաստանի

Գյումրիում 2015 թվականի հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամ Արաքսյա Պողոսյանի իրավահաջորդներ Անդրանիկ և Նարինե Պողոսյանները Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության։ Համաձայն բողոքի, խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածներով նախատեսված իրավունքները։ Այս մասին հայատարարություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

Կազմակերպության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը թերացել է Արաքսյա Պողոսյանի և նրա ընտանիքի անդամների կյանքի նկատմամբ ակնհայտ վտանգը կանխարգելելու պարտավորությունն իրականացրելիս՝ հստակ իմանալով, որ սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովը ենթակա չէր զորակոչման, առավել ևս՝ իրավունք չուներ զենքով ծառայություն իրականացնել:

«Բացի դրանից՝ ռուսական կողմը պատշաճ կարգով և ժամանակին չի տեղեկացրել հայ իրավապահներին Պերմյակովի՝ զորամասը լքելու մասին, ինչը կարող էր կանխել ողբերգությունը», -ասված է հայտարարության մեջ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նշում է նաև, որ Պերմյակովի կողմից զորամասը ինքնակամ լքելու մասին Հայաստանի իրավապահ մամիններին շուրջ երեք ժամ ուշ տեղեկացնելու մասով որևէ պաշտոնատար անձ պատասխանատվության չի ենթարկվել:

Բացի դա, ռուսաստանյան կողմի իրականացրած քննությունը հասանելի չի եղել տուժողի իրավահաջորդներին, ինչի հետևանքով վերջիններս զրկվել են գործի շրջանակներում իրենց իրավունքներն իրացնելու հնարավորությունից, մասնավորապես՝ միջնորդություններ ներկայացնելու, նախաքննական մարմնի որոշումները բողոքարկելու և այլ հնարավորություններից:

Նշենք, որ 2015 թվականի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով դատական նիստն անցնում է ռուսական 102-րդ ռազմակայանի տարածքում։ Գործով անցնող միակ մեղադրյալ Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր է ճանաչել սպանության մեջ։

Tekali Taxi