Գլխավոր / Տեսանյութեր / Ոստիկանների գործողությունները նման են քրեական հանցագործների արարքների. իրավապաշտպան

Ոստիկանների գործողությունները նման են քրեական հանցագործների արարքների. իրավապաշտպան

Ոստիկանության վերջին օրերի գործողությունները սպասելի էին, դրանք ոչ մի դեպքում զարմանալի չես անվանի: Նախկինում՝ այլ բողոքների ժամանակ,  ոստիկանները նորմալ վարքով աչքի չեն ընկել, այլ հարց է, որ ներկայիս դեպքն արտառոց է, ոստիկաններն էլ ավելի արտառոց են իրենց պահում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Միքայել Դանիելյանը, ում ղեկավարած «Հելսինկյան ասոցիացիա» կազմակերպությունը փաստահավաք առաքելություն է իրականացնում հուլիսի 17-ից սկսած ոստիկանության գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիների շրջանում: Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խումբը գրավել է Էրեբունի համայնքում գտնվող Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը, որից հետո հազարավոր մարդիկ փողոց են դուրս գալիս, իսկ ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառում նրանց նկատմամբ:

«Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ քաղաքական դաշտում են կամ լրագրող ու իրավապաշտպան են, և զարմանում են տեղի ունեցողի կապակցությամբ: Ոստիկանները գործում են այնպես, ինչպես պետք է գործեն այս պետությունում: Ինչպիսին պետությունն է, այնպիսին էլ ոստիկանությունն է: Քրեական հանցագործների նման գործող ոստիկաններ», — ասել է Դանիելյանը:

Անդրադառնալով այն պատմություններին, որոնք իր կազմակերպության անդամներին պատմել են վերջին օրերին բերման ենթարկված քաղաքացիները,  իրավապաշտպանը նշել է, որ նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերը շատ են եղել:

«Հիմա մարդկանց անունները չեմ տա, բայց մեզ պատմել են, որ մի շարք խայտառակ դեպքերի մասին: Դե, կոշիկը լպստելու պահանջի մասին պատմությունը լսել են բոլորը, եղել են նաև սպառնալիքներ, թե կմիզեն բերման ենթարկվածների վրա: Այդ դեպքերին ապագայում մենք դեռ կանդրադառնանք ավելի մանրամասն: Եղել են բազմաթիվ մարդիկ, ովքեր բացարձակապես առանց պատճառի են բերման ենթարկվել, անգամ հավաքի մասնակից չեն եղել: Այսօր մի երիտասարդ էր եկել, պատմում էր, որ իրեն բերման են ենթարկել, երբ գնում էր ֆուտբոլ խաղալու՝ առանց բացատրության բաժին են տարել: Նստել է այնքան ժամանակ մինչև մեր փաստաբանը գնացել և հանել է նրան բաժնից», — ասել է Դանիելյանը:

Պատասխանելով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դերակատարության մասին հարցին՝ Դանիելյանը նշել է, որ ՄԻՊ-ը աշխատանքի իմիտացիա ստեղծում, իրականում ոչինչ էլ չի անում:

«Հայաստանում բոլոր օմբուդսմեններն էլ աշխատում են նույն ձևով, նրանք չեն աշխատում: Ոչ միայն այսօր, այլ նաև այլ ժամանակ և այլ գործերի պարագայում էլ նրանք նորմալ չեն զբաղվում, դրա համար էլ ես օմբուդսմենի հետ երբեք չեմ հանդիպում ու չեմ էլ մտածում՝ ով է լինելու օմբուդսմենը Հայաստանում», — ասել է իրավապաշտպանը: