Երեկ Սարի թաղ թաղամասում և Խորենացի փողոցում ոստիկանները դաժանորեն ցրել են ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի կազմակերպված երթի մասնակիցներին, սակայն ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործեր են հարուցել հենց ցուցարարների նկատմամբ: Համաձայն պաշտոնական հաղորդագրության, «հուլիսի 29-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում մի խումբ անձինք կազմակերպել են զանգվածային անկարգություններ, որի ընթացքում բռնություն է գործադրվել տվյալ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների նկատմամբ, որի հետեւանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը։ Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը) և 2-րդ մասերով (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը) նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ»։
Զանգվածային անկարգությունները կազմակերպելու և դրանց մասնակցելու կասկածանքով արդեն իսկ ձերբակալվել է 23 անձ, որոնց թվում՝ երթի կազմակերպիչներից «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և Անդրիաս Ղուկասյանը։
Նշենք, որ բազամթիվ ականատեսների վկայությամբ Սարի թաղում սադրիչ գործողություններ են սկսել քաղաքացիական հագուստով ոստիկանները, որից հետո համազգեստավոր իրավապահները գործի են անցել՝ անհամաչափ ուժ կիրառելով, ծեծի ենթարկելով ցուցարարներին և լրագրողներին, պայթուցիւկներ ու լուսաձայնային նռնակներ օգտագործելով: Ոստիկանների գործողությունների հետևանքով վնասվածքներ են ստացել և հիվանդանոց տեղափոխվել 60 քաղաքացիներ: