Home / Տեսանյութեր / Դավիթ Սանասարյանի նկատմամբ հետապնդում են իրականացնում․ փաստաբան

Դավիթ Սանասարյանի նկատմամբ հետապնդում են իրականացնում․ փաստաբան

Վերջին երեք օրերին Երևանի ավագանու, «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի նկատմամբ իրավապահների  գործողությունները ցույց են տալիս, որ նա հստակ հետապնդման է ենթարկվում։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է նրա փաստաբան Ռոբերտ Ռևազյանը։

««Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Սանասարյանին ձերբակալել են հուլիսի 29-ին՝ նրա դեմ հարուցված է եղել գործ անօրինական հավաք կազմակերպելու մեղադրանքով։ Այդ մեղադրանքը սահմանում է մինչև 30 օր ազատազրկում, այսինքն՝ դա ոչ մեծ ծանրության մեղադրանք է և դրա հիմքով մարդուն ձերբակալելն արդեն վկայում է, որ Սանասարյանը հետապնդման է ենթարկվում։  Բացի դա,  հենց լրանում էր Սանասարյանի ազատազրկման 3֊րդ օրը, նրա դեմ նոր մեղադրանք են առաջադրել զանգվածային անկարգությունների  հոդվածով», ֊ ասել է Ռևազյանը։

Երեկ  Սանասարյանի նկատմամբ 2 ամիս կալանք կիրառելու որոշում է կայացվել։ Փաստաբանը պատմում է, որ Երևանի ավագանու անդամը դատարանում հայտարարել է, որ չի ընդունում իր դեմ առաջադրված մեղադրանքները, այդ թվում այն, թե իբր ինքը քարեր հավաքելու կոչ է արել հուլիսի 29-ի ակցիայի մասնակիցներին։ Մինչ նախագահողը խորհրդակցական սենյակում է եղել, Դավիթ Սանասարյանի առոջական վիճակն է վատացել։

«Դավիթի մոտ սուր երիկամային ցավեր սկսվեցին։ Մենք շտապ օգնություն կանչեցինք։ Բժիշկն ասած, որ նրան անհրաժեշտ է հետազոտություն ու բուժում։ Սանասարյանը տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ»,֊ ասել է Ռևազյանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանը ձերբակալվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, որտեղ հուլիսի 29֊ին տեղափոխվել էին ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի կազմակերպած ակցիայի ընթացքում ոստիկանների գործողություններից տուժած 50 մարդիկ, այդ թվում՝ Սանասարյանի հայրը։  ԲԿ֊ի ղեկավարությունը, հանձին փոխտնօրեն Գագիկ Մանուկյանի, Epress.am֊ի հետ զրույցում հերքել է, թե այդ գիշեր Սանասարյանին իրավապահները միջանցքներով քարշ տալով բերման են ենթարկել։ Մինչդեռ համացանցում տեսանյութեր կան, որոնք փաստում են դա։

Tekali Taxi