Home / Հայաստան / Քահանային պաշտոնանկ են արել «Սասնա ծռերի» պատճառով․ նա պատասխանում է քննադատին

Քահանային պաշտոնանկ են արել «Սասնա ծռերի» պատճառով․ նա պատասխանում է քննադատին

Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան մոտ ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի հուլիսի վերջին անցկացված բողոքի ակցիայից հետո պաշտոնանկ է արվել Նիդերլանդների Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմեն քահանա Մելքոնյանը: Այս մասին գրում է Armtimes.com-ը։

Քաղաքական ակցիային մասնակցելու համար Մելքոնյանին խրատել են նաև Հայաստանում ապրող իր գործընկերները։ Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը, մասնավորապես, նրան գրել է, որ Մելքոնյանի «պահվածքը վայել չէ հայ հոգևորականին»։

Hetq.am-ը հրապարակել է Տեր Արմեն քահանա Մելքոնյանի պատասխան բաց նամակը, որում, մասնավորապես, նշում է, որ կանգնել է իր ժողովրդի և հոտի կողքին նրանց արդար պահանջներին աջակցելու համար։ Մելքոնյանի խոսքով՝ ինքն իրականում ոչ թե պետք է ցուցարարների կողքին լիներ արտասահմանում, այլ պետք է խաչը ձեռքին ինջներ Խորենացի փողոց ու արգելք հանդիսանար, որ մարդիկ անարգանքի ու բերման չենթարկվեն։

Միևնույն ժամանակ նա ընդգծում է, որ այդպես չի վարվել, քանի որ նման քայլի դիմելու համար Մայր Աթոռի հավանությունը պետք է ունենար, որը չէր կարող ձեռք բերել։

«Ո՞րն է Հայ առաքելական եկեղեցու հաշտարար ու խաղաղարար վերաբերմունքն ու առաքելությունը» հարց է բարձրացնում պաշտոնանկ քահանան՝ ընդգծելով, որ դա երկրում տեղի ունեցող անարդարությունների և մարդու իրավունքների ոտնահարման մասին լռելը չէ, այլ պայքարը ժողովրդի իրավունքների համար։

Դիմելով Տեր Ասողիկին՝ նա ընդգծում է, որ ցավ է ապրում, երբ տեսնում է, որ հայրենիքի հովիվները անհոգություն ու անտարբերություն են դրսևորում իրենց հոտի նկատմամբ։

Մելքոնյանը վստահություն է հայտնում, որ եթե «Սասնա Ծռեր»֊ը հաղթած դուրս գային, Տեր Ասողիկը այլ վերաբերմունք ու գնահատանք կհնչեցներ իր հասցեին։

Tekali Taxi