Home / Հայաստան / Դավիթ Սանասարյանին ազատ են արձակել․ նա զբաղվելու է բանտերի պայմանների խնդրով

Դավիթ Սանասարյանին ազատ են արձակել․ նա զբաղվելու է բանտերի պայմանների խնդրով

Այսօր  Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Երևանի ավագանու անդամ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանի միջնորդությունը՝ փոխել իր պաշտպանյալի դեմ կիրառված  խափանման միջոց կալանքը։ Դատարանը Սանասարյանին ազատ է արձակել 1.5 մլն դրամ գրավի դիմաց։ Երևանի ավագանու անդամը կալանքի տակ է գտնվում հուլիսի 30-ից։ Նա բերման էր ենթարկվել  հիվանդանոցից, որտեղ եկել էր տեսնելու իր հորը, ով  հուլիսի 29-ին ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի կազմակերպված ակցիայի ընթացքում տուժել էր ոստիկանության գործողություններից։

Սանասարյանը  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո լրագրողներին ասել է, որ իր դեմ կիրառված կալանքը որոշակի դադար էր, որի ընթացքում ինքն ավելի լավ հասկացավ՝ ինչ պետք է անել։ Նա նշել է, որ մի երկու օր ընտանիքի հետ է անցկացնելու, ապա հետագա անելիքների վերաբերյալ որոշում կայացնելու։

Սանասարյանն ասել է նաև, որ անձամբ լինելով կալանավայրում՝ տեսել է, թե ինչպիսին են բանտային պայմանները, և բարձրաձայնելու է այդ մասին ավագանիում։

«Այդ հարցը բարձրացնելու եմ քաղաքապետարանում և նախարարություններում։ Կոյուղու լուրջ խնդիր կա։ Դուք ինքներդ հոտը զգում եք։ Ոչ միայն բանտարկյալները, այլև բնակիչները մինչև Էրեբունու մասիվ այդ հոտը զգում ենք», ֊ ասել է Սանասարյանը։

Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցության ևս երկու անդամ  կալանավորված էին։ Նրանցից Արմեն Մարտիրոսյանն ազատ էր արձակվել երեկ, իսկ Հովսեփ Խուրշուդյանը դեռ գտնվում է կալանքի տակ։

Tekali Taxi