Home / Մարզեր / Քաղցրաշենցին խաղողը կթափի, բայց գործարաններին չի տա

Քաղցրաշենցին խաղողը կթափի, բայց գործարաններին չի տա

Նախորդ տարի մթերված խաղողի դիմաց Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչ Զաքար Պետրոսյանին գործարանը դեռևս 520 հազար դրամ է պարտք։ Խաղողագործը պնդում է՝ այս տարի խաղողը կթափի, կթողնի վազի վրա՝ չորանա, բայց ոչ մի դեպքում չի մթերի։

Epress.am-ի հետ զրույցում Պետրոսյանը նշել է, որ այս տարի ունի մոտ 3-4 տոննա խաղող՝ նախորդ տարվա 20 տոննա խաղողի բերքի դիմաց․ «Կտանեմ, կծախեմ շուկայում։ Եթե չծախվի էլ, կթափեմ»։

Նրա խոսքով՝ թափելն «ավելի ձեռնտու է»։

«Եթե տանեմ մթերման, շատ քիչ գումար են տալիս, բայց դե գիտեմ, չեն էլ տա։ Հետո ես ավելի շատ ժամանակ եմ ծախսելու Կառավարության շենքի դեմ բողոքի ակցիաներ անելով, որ մթերված խաղողի դիմաց փողս տան․ ավելի հեշտ ա, թափեմ։ Ի՜նչ փող, ի՜նչ բան, անցած թեմա ա», – նշել է Պետրոսյանը։

Նա ասում է, որ «Վինար» գործարանն իրենց գյուղի մյուս խաղողագործներին նույնպես մթերված խաղողի դիմաց պարտքեր ունի, սակայն կոնկրետ ինչքան՝ չգիտի։

«Էս ամսվա 15-ին պետք ա էլի հավաքվեինք, տեսնեիք՝ ինչ ենք անում, որ նախորդ տարվա պարտքը տան։ Էն էլ ժողովուրդը էս տարվա բերքով էր զբաղված, էդպես էլ չհավաքվեցինք», – ասել է Պետրոսյանը։

Մեկ տարի շարունակ քաղցրաշենցիներն իրենց գումարը ստանալու համար Կառավարության շենքի և նախագահականի դիմաց բողոքի ակցիաներ են արել, հրաժարվել են իրենց երեխաներին դպրոց ուղարկել, սակայն մթերված խաղողի դիմաց միայն գումարի մի մասն են ստացել։

Tekali Taxi