«Հանցավոր խմբի» գործով 2015-ի դեկտեմբերին ձերբակալված Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է նրա փաստաբան Հայկ Ալումյանը։
Վերջինիս խոսքով՝ Շիրխանյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվելու 11 ամիսների ընթացքում հաշմանդամություն է ձեռք բերել։ Ալումյանը նշել է, որ ինքը 3 օր առաջ է այցելել Շիրխանյանին և համոզվել, որ կալանավորը առողջական խնդիրների պատճառով չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։
Հակառակ Ալումյանի հայտարարության, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը պնդում է, որ Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի և շարունակում է ստանալ դեղորայքային բուժում։ Ալումյանի ասուլիսից քիչ անց տարածած ՔԿՀ֊ի հայտարարության մեջ նշվում է, որ նման եզրակացության է եկել բժշկական կոնսիլիումը, որի կազմում են եղեկ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդաբան Գ. Հովհաննիսյանը, գլխավոր անոթաբան Տ. Սուլթանյանը, գլխավոր թերապևտ Մ. Նարիմանյանը և գլխավոր սրտաբան Հ. Հայրապետյանը:
«Երևան֊Կենտրոնը» հավելում է, որ պետպատվերի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ևս երկու հավելյալ հետազոտություններ։
Այնուամենայնիվ, լրագրողների հետ հանդիպմանն Ալումյանը պնդել էր, որ նման վերաբերմունքի դեպքում Շիրխանյանը չի կարողանա ապրել մինչև իր դատի օրը։
Փաստաբանը համոզմունք է հայտնել, որ անցած շաբաթ, երբ Շիրխանյանը ցանկանում էր ասուլիս կազմակերպել, ՔԿՀ֊ի վարչակազմը խափանել է այն, որ մարդիկ չտեսնեն, թե ինչ վիճակում է գտնվում իր պաշտպանյալը։
Ալումյանը Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ դիմել է Արդարադատության նախարարությանը, ՄԻՊ և Արդարադատության նախարարությնա քրեակատարողական վարչություն, սակայն միայն ՄԻՊ-ից է արձագանք ստացել։ Նոյեմբերի 10-ին օմբուդսամենի գրասենյակից պատասխանել են, որ Շիրխանյանի առողջության պահպանման իրավունքը խախտվել է, և ՄԻՊ գրասենյակն առաջարկել է նրան անհապաղ տեղափոխել մասնագիտացված հիվանդանոց։
Նշենք, որ, ԱԱԾ֊ի համաձայն, Շիրխանյանը ձերբակալվել է «Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու» կասկածանքով։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով (Հանցավոր համագործակցությանը մասնակցելը): Հոդվածով նախատեսվում է 6-ից 10 տարի ժամկետով ազատազրկում։
Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ֊ն հայտնել էր, որ բացահայտել է «կազմակերպված հանցավոր խմբակցություն», որի ղեկավարն է 34-ամյա Արթուր Վարդանյանը։ Պաշտոնական վարկածի համաձայն` խմբի անդամները հանցագործություններ էին պատրաստում «քաղաքական գործիչների, քաղաքացիների, պետության առանձին ճյուղերի դեմ»։