հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Բանտում տրվող դեղերը Շիրխանյանին ավելի շատ վնասում են, քան բուժում․ փաստաբան

Բանտում տրվող դեղերը Շիրխանյանին ավելի շատ վնասում են, քան բուժում․ փաստաբան

«Հանցավոր խմբի» գործով 2015-ի դեկտեմբերին ձերբակալված Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հրաժարվում է ընդունել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի կողմից տրված դեղերը։ Նրա խոսքով՝ դրանք ոչ միայն չեն օգնում, այլ նաև ավելի են վատացնում իր առողջական վիճակը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

«Շիրխանյանի առողջական վիճակի հետ կապված ոչ մի լավ բան չկա։ Վիճակը գնալով վատանում է, և ՔԿՀ-ում ոչ մի բան չեն ձեռնարկում։ Արդեն հրաժարվում է նաև դեղեր ընդունել, քանի որ մի տարի է, ինչ դեղեր է ընդունում, սակայն վիճակը ոչ միայն չի լավանում, այլ ավելի ծայրահեղանում է։ Չգիտեմ՝ ՔԿՀ-ում միտումնավոր են անում, թե ուղղակի ոչ պրոֆեսիոնալ են, ամեն դեպքում փաստ է՝ Շիրխանյանի վիճակը գնալով վատանում է», -ասել է Ալումյանը։

Ավելի վաղ Ալումյանն ահազանգել էր, որ Շիրխանյանը քրեակատարողական հիմնարկում գտնվելու 11 ամիսների ընթացքում հաշմանդամություն է ձեռք բերել։ Նա պնդել էր, որ նման վերաբերմունքի դեպքում Շիրխանյանը չի կարողանա ապրել մինչև իր դատի օրը։

Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ պաշտպան կողմը դիմել էին Արդարադատության նախարարությանը, ՄԻՊ և Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն, սակայն միայն ՄԻՊ-ից էր արձագանք եղել։ Օմբուդսամենի գրասենյակից պատասխանել էին, որ Շիրխանյանի առողջության պահպանման իրավունքը խախտվել է և առաջարկվել էր նրան անհապաղ տեղափոխել մասնագիտացված հիվանդանոց։

Սակայն ՄԻՊ-ի այդ հայտարարությունից հետո՝ մինչև այսօր, այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել։

Նշենք, որ, ԱԱԾ֊ի համաձայն, Շիրխանյանը ձերբակալվել է «Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու» կասկածանքով։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով (Հանցավոր համագործակցությանը մասնակցելը): Հոդվածով նախատեսվում է 6-ից 10 տարի ժամկետով ազատազրկում։ 2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ֊ն հայտնել էր, որ բացահայտել է «կազմակերպված հանցավոր խմբակցություն», որի ղեկավարն է 34-ամյա Արթուր Վարդանյանը։ Պաշտոնական վարկածի համաձայն` խմբի անդամները հանցագործություններ էին պատրաստում «քաղաքական գործիչների, քաղաքացիների, պետության առանձին ճյուղերի դեմ»։