Home / Բանակ / ԼԳԲՏ+ անձինք բռնության են ենթարկվում տարբեր կառույցներում․ բանակ, եկեղեցի, բանտ

ԼԳԲՏ+ անձինք բռնության են ենթարկվում տարբեր կառույցներում․ բանակ, եկեղեցի, բանտ

Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ բռնությունների ամենաբուռն դրսևորումները տեղի են ունենում ուժային կառույցներում․ բանակ, ոստիկանություն, բանտ։ Այդ կառույցներում խտրական վերաբերմունքը դրսևորվում է արժանապատվության ոտնահարման, ֆիզիկական և սեռական բռնությունների միջոցով։ Այս մասին վկայում «Նոր սերունդ» ՀԿ-ի կողմից 2015 թվականի հունիսից 2016 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում իրականացված հետազոտության արդյունքները։ Հետազոտությունը նկարագրում է անհանդուրժողականության դրսևորումները հանրային տարբեր ոլորտներում։

Հետազոտության համար հարցազրույցներն են իրականցվել 111 անձանց հետ, որոնց թվում են եղել ԼԳԲՏԻ ներկայացուցիչները, նրանց ընտանիքի անդամները և հարազատները, առողջապահական ոլորտի, պետական կառավարման կառույցների /մարզպետարաններ և ՏԻՄ/, ուժային կառույցների, կրոնական կազմակերպությունների, ԶԼՄ–ների, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Հետազոտության բոլոր խմբերի բոլոր մասնակիցները փաստել են ուժային կառույցներում հանդիպող ֆիզիկական, սեռական բռնությունների, ճնշումների, իրավունքների խախտումների մասին:

«Ուժային կառույցներում անհանդուրժողականության դրսևորումների միայն 10 տոկոսն է բարձրաձայնվում՝ հիմնական դատական ատյաններում, իրավապաշտպանների միջամտությամբ։

Բանակում, ոստիկանությունում, քրեակատարողական հիմնարկներում ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչները հանդիպում են առավել մեծ թվով և առավել կոպիտ խախտումների՝ սկսած ատելության խոսքի դրսևորումից մինչ խմբակային բռնաբարության դեպքերի, սակայն այս դեպքերի մասին հաճախ շատերը լռում են: Շատ քիչ դեպքեր, գրեթե բացառապես իրավապաշտպանների միջամտությամբ, հայտնվում են դատական ատյաններում` հասնելով մինչև ՄԻԵԴ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան», – ասված է հետազոտության մեջ:

Հարցազրույցների ընթացքում ստացած տեղեկությունների հիման վրա՝ կազմակերպությունը փաստում է, որ բանակում անձի սեռական կողմնորոշման բացահայտումից հետո նրանք պարբերաբար ողջ ծառայության ընթացքում ենթարկվում են ֆիզիկական բռնության, սեռական անհատական կամ խմբակային բռնաբարությունների: Նույնասեռական անձը մեկուսացվում է ծառայակից ընկերներից, նրան տրվում է առանձին տարբերանշանով ափսե, բաժակ, առաջին օգտագործման պարագաներ, սնվում է զինակից ընկերներից առանձին, արժանանում է խտրական՝ անհարգալից վերաբերմունքի, ծաղրուծանակի:

Ինչ վերաբերվում է քրեակատարողական հիմնարկներին, ապա նույնասեռական անձը հատկապես այնտեղ է շահագործվում՝ որպես «սեռական ծառայություններ մատուցող անձ»:

ԼԳԲՏ անձանց նկատմամբ մեծ է անհանդուրժողականության դրսևորումը նաև մեդիա ոլորտում և սոցիալական ցանցերում։

«Ատելության խոսք, անհանդուրժողականության քարոզչություն, խտրական վերաբերմունք, ապատեղեկատվություն, արժանապատվության և մարդու իրավունքների բազմաթիվ ոտնահարումների դրսևորումներ են հանդիպում ԶԼՄ –ներից սոցիալական ցանցեր գնացող և այդտեղից վերադարձող լրահոսում», – նշում են հետազոտության հեղինակները:

ԼԳԲՏ անձանց նկատմամբ անհանդուրժող կառույցներից հաջորդն ընտանիք է։ Երբ անձը հայտնում է իր նույնասեռական լինելու մասին, նրան հաճախ կա՛մ վտարում են տնից, կա՛մ զրկում են հարազատների հետ շփվելու հնարավորությունից։ Ընտանիքի կողմից նրանք հաճախ ենթարկվում են ֆիզիկական բռնության, բռնի ուժով նրանց տարբեր «բուժումների են տանում»։

Խտրականություն ԼԳԲՏ անձանց նկատմամբ դրսևորվում է նաև պետական տարբեր կառույցներում։ Այս ոլորտում ֆիզիկական բռնությունն առավել պակաս է, քանի որ բռնության ենթարկողը պաշտոնը կորցնելու վտանգ ունի։ Այդ կառույցներում խտրականությունը դրսևորվում է արժանապատվությունը նվաստացնելու, ծաղրուծանակի ենթարկելու միջոցով։

Հետազոտության հեղինակները նշում են, որ ԼԳԲՏ անձնաց նկատմամբ խտրական վիճակը շարունակում է խնդրահարույց մնալ առողջապահության ոլորտում։ Այս ոլորտում գիտելիքի, տեղեկացվածության և մասնագետների պակաս կա:

Հարցման մասնակից ԼԳԲՏԻ անձանցից երկուսը ենթարկվել էին նման «նույնասեռականության բուժման»՝ հայրերի կողմից բերման ենթարկվելով բժշկական հաստատություն։ Նրանք իրենց ծնողների կտտանքներից և այսպես կոչված «բուժումից» խուսափելու համար մի երկու այցելությունից հետո կարողացել են հավատացնել բժշկին և ծնողներին, որ իրենք այլևս նույնասեռական չեն, արդեն ընկերուհի ունեն, և «բուժումն» իբր արդյունավետ է եղել:

Մեծ խնդիրներ են Հայաստանում հաղթահարում տրանսգենդեր անձիք, քանի որ սեռափոխության վիրահատությունը կարգավորող օրենք չկա, և մի շարք օրենքներ են պետք շրջանցել, կամ առանց շրջանցելու գրեթե անհավանական ելքեր գտնել սեռափոխություն կատարելու համար:

ԼԳԲՏ անձնաց նկատմամբ անհանդուրժողականության դրսևորում կա նաև կրոնական կազմակերպությունների կողմից։ Ֆիզիկական, սեռական բռնությունները հատկապես տեղի են ունենում կրոնական-կրթական հաստատություններում կամ կուսակրոն կրոնական ուսմունքի հետևորդների շրջանում: Հարցվողները վստահեցնում են, որ ոլորտը շատ փակ է, և ֆիզիկական ու սեռական բռնությունների իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել:

Հաճախ ԼԳԲՏԻ համայնքի հավատացյալ ներկայացուցիչներին փորձեր են անում համոզելու, որ դա մեղք է և աղոթքով ու կամքի դրսևորմամբ պետք է «ազատագրվել» դրանից: Եթե անձի մոտ չի ստացվում «ազատագրվել», ապա նա վտարվում է համայնքից, տվյալ անձի մոտ հաճախ ինքնատելության հոգեբանական բարդույթ է առաջանում, որն էլ հանգեցնում է կոմունիկացիոն այլ խնդիրների` մեկուսացում հանրությունից, հոգեբանական խնդիրներ, ինքնասպանության փորձեր և այլն:

Խնդիրների առկայությունն ոլորտում կազմակերպությունը կապում է մեծամասամբ խտրականության օրենքի բացակայության հետ․ «Դրա հետևանքով խտրականության դրսևորման շատ դեպքեր անպատաժելի են մնում, ինչն էլ իր հերթին շարունակում է նպաստել հանրային անհանդուրժականության դրսևորումների աճին»:

Հետազոտության մեջ առաջարկություն է արվել Ազգային ժողովին ընդունել խտրականությունն արգելող օրենք։

Tekali Taxi