Հունվարի 25-ին մահացած ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Շավարշ Գալստյանի գործի շրջանակներում մեղադրվում է նրա համածառայակիցը, որի անունը ՀՀ քննչական կոմիտեն չի նշում։ Երեկ երեկոյան տարածած Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն, մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը):
Գալստյանի մահվան դեպքի առթիվ ավելի վաղ քրգործ էր հարուցվել 110֊րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հունվարի 25-ին զինծառայողի դին հայտնաբերվել է մարտական դիրքի խրամաբջջում՝ դիտանցքը փակելու համար նախատեսված փայտյա կոճղի վրա՝ նստած դիրքում, ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։ Դեպքի վայրից հայտնաբերվել է նաևԳալստյանին ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգը, իսկ հատակին՝ մեկ պարկուճ:
«Փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ նույն հերթափոխում որպես դիտորդ նշանակված մեկ այլ զինծառայող պարբերաբար շահագործել է Գալստյանին և իր թվացյալ առավելությունն ու գերակայությունն ընդգծելու համար «հանձնարարել» անձնական բնույթի ծառայություններ մատուցել իրեն, այն է՝ սուրճ, թեյ պատրաստել, լվանալ աղտոտված ափսեները, բացի այդ, հայհոյել և վիրավորել է նրա արժանապատվությունը», ֊ նշում է Քննչական կոմիտեն։
Նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են մատնադրոշմային (հետքաբանական) և դատաձգաբանական համալիր փորձաքննություններ: