«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը, չնայած Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի պնդումներին, նախորդ շաբաթվա վերջի դրությամբ շարունակում է մնալ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առաջին հարկի խցերից մեկում, որտեղ ծայրահեղ վատ պայմաններ են։
Armlur.am-ը երեկ հարցազրույց է հրապարակել Հովհաննիսյանի հետ, որում վերջինս անդրադարձել է հունվարի 21-ին «Նուբարաշեն»-ի մի քանի բանտարկյալների կողմից ինքնավնասման դեպքին։ Դատապարտյալներն այդ քայլին էին դիմել, քանի որ նրանց խոսքով՝ իրենց առաջին հարկի խցերից տեղափոխել են էլ ավելի անմխիթար վիճակում գտնվող խուց: Հովհաննիսյանն ընդգծել էր, որ «․․․այս (առաջին հարկի-խմբ․) խցերն ի սկզբանե չպետք է այլևս օգտագործվեն որևէ մեկի համար»։
Չնայած Հովհաննիսյանի և բանտի ղեկավարության պաշտոնական հայտարարություններին առաջին հարկի վատ պայմաններով խցերի փակման մասին, Epress.am-ի հետ զրույցում կալանավորվածի պաշտպան Հայարփի Սարգսյանը նշել է, որ իր պաշտպանյալը դեռևս նախորդ շաբաթվա վերջին գտնվել է առաջին հարկի խցերից մեկում։
Վերջինս անդրադարձել է նաև Հարությունյանի առողջական վիճակին։ Նա նշել է, որ բացի ոտքի ցավերից, իր պաշտպանյալը ցավեր ունի նաև մեջքի հատվածում։
«Հունվարի 17-ին նա հարված էր ստացել մեջքի հատվածում, նույնիսկ կող էր վնասվել, սակայն մինչև օրս որևէ բուժօգնություն չի ցուցաբերվել», -ասել է Սարգսյանը։
Չնայած բանտի ղեկավարությունը հերքում է Հարությունյանի դեմ բռնություն կիրառելու հանգամանքը՝ փաստաբանը պնդում է, որ ինքն անձամբ է տեսել Հարությունյանի մարմնի վրա բռնության հետքերը։ Իր հերթին, կալանավորը հայտնել է, որ իրեն անհիմն հարվածել են, սակայն չի մասնավորել, թե ով է հարվածել՝ իր խցակիցնե՞րը, թե՞ բանտի աշխատակիցները։
Ավելի վաղ մեզ հետ զրույցում փաստաբանը պատմել էր, որ հունվարի 17-19 կալանավորին տեղափոխել էին պատժախուց, ինչ-որ ներքին կանոնադրության խախտման համար, որից հետո նրան տարել էին 1-ին հարկի 6-րդ խուցը՝ իբր Հարությունյանի դիմումի հիման վրա։
Փաստաբանը միայն նախորդ շաբաթ է ստացել Հարությունյանի այդ նամակի պատճենը, որտեղ վերջինս խնդրում է իրեն տեղափոխել մենախուց, ոչ թե 1-ին հարկի խուց։
Հովհաննես Հարությունյանը 2016 թվականի հուլիսի 26-ին ոստիկանների կողմից արձակված կրակոցների հետևանքով ոտքի երկու հատվածներում հրազենային վիրավորում է ստացել և մոտ 2 ժամ անց տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այնտեղ նրա ոտքից որոշ բեկորներ են հեռացրել: Ոտքի վիրահատություն չի իրականացվել։ Հայարփի Սարգսյանը բազմիցս ահազանգել է, որ այդպես էլ չիրականացված վիրահատությունը հետևանքով նրա վիրավոր ոտքը ծայրահեղ վատ վիճակում է՝ բարակել է և փոխել է գույնը: Փետրվարի 3-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) դիմել է ՀՀ կառավարությանը և պահանջել «Սասնա ծռեր»խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի մասին տեղեկատվություն և բոլոր բժշկական փաստաթղթերը։