ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդին՝ 33-ամյա Արա Օսկանյանը ձերբակալված է։ Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։ Օսկանյանի հետ ձերբակալվել է նաև նրա ազգական Հ․ Սիրադարյանը։
Քննության վարկածի համաձայն, Օսկանյանը և նրա ազգական Հ․Սիրադարյանը կասկածվում են կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով մարդուն ազատությունից ապօրինի զրկելու մեջ։
«Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալներով փետրվարի 16-ին` ժամը 17:00-ի սահմաններում Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի «Ռոբերտո» խանութ-սրահի հարակից հատվածից Ն.Բերբերյանին նստեցրել են ավտոմեքենայի մեջ, գնացել Աբովյան քաղաք և նրա կամքին հակառակ և իր առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ ապօրինաբար զրկել ազատ տեղաշարժվելու իրավունքից և պահանջել վերադարձնել 1.500.000 դրամ պարտքը», ֊ նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Կասկածյալները հրաժարվել են ցուցմունք տալ։
Հիշեցնենք, որ Արա Օսկանյանը 2005թ․ վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու՝ վարելով հոր՝ այդ ժամանակ արտաքին գործերի նախարարի ծառայողական մեքենան։ Արա Օսկանյանը պատասխանատվության չէր ենթարկվել։
Epress.am Լուրեր Հայաստանից