Home / Ազգային ժողով / «Կենացների ժամանակը չէ»․ ընտրություններից առաջ՝ ղարաբաղյան հարցի մասին

«Կենացների ժամանակը չէ»․ ընտրություններից առաջ՝ ղարաբաղյան հարցի մասին

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը հզոր և լավ սպառազինված բանակի տեսլականի մասին խոստումներ են տալիս` դառնալ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, զինել կանանց և աղջիկներին, զարգացնել ռազմաարդյունաբերությունը, բանակին հատկացվող գումարները շատացնել։ Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ, սակայն, առարկայական քննարկումը հիմնականում բացակայում է։ «Հոդված 3» ակումբում մարտի 15-ին բանակի և Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին խոսել են մի քանի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկանծու Ստեփան Սաֆարյանը ներկայացրել է իրենց ուժի ծրագիրը․ բանակը հզորացնելու համար պետք է վերացվի Հայաստանում գոյություն ունեցող ստվերային բյուջեն, նախատեսում են սահմանների երկարությամբ ստեղծվել ռազմականացված բնակավայրեր, սահմանամերձ գյուղերի բնակիչները հնարավորություն կունենան զենք կրել և այլն։

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ծրագրում, ինչպես քննարկման ժամանակ նշել է պատգամավորի թեկանծու Արթուր Եղիազարյանը, ընդհանրապես չկա առանձին անդրադարձ Արցախի խնդրին՝ «դա Հայ դատի անբաժան մասն է»։ Ըստ նրա՝ քանի որ «մենք չունենք նավթ, բայց ունենք մտավոր բարձր պոտենցիալ, պետք է այն զարգացնենք»։

«Ելք» դաշինքից Վիկտոր Ենգիբարյանը կարծում է, այսօր ստեղծված մթնոլորտում բանակցությունները ոչ մի տեղ չեն տանելու․ «Անվտանգության խնդիրը մենք պետք է լուծենք մեր երկրի ներսում՝ հզորացնելով մեր բանակը։ Հարևանների հետ այս վիճակում բանակցելու ոչ մի բան չկա»։

Բանակցային գործընթացի վերաբերյալ առավել հստակ է ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիրքորոշումը, որը ներկայացրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Նա կարծում է, որ մինչ հզոր բանակին հասնելը, պետք է բացել Հայաստանի սահմանները և «այո» ասել Լեռնային Ղարաբաղի հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած փոխզիջումային ծրագրին։

Մանուկյանն ընդգծել է, որ կենացներ ասելու փոխարեն բոլոր քաղաքական ուժերը պետք է անպայման պատասխանեն հետևյալ հարցին՝ համաձայն են արդյոք ղարաբաղյան հարցում բանակցային գործընթացին, թե ոչ․ «Մեր ծրագիրը խստումներից չի կազմաված, այն պարզ ու ռեսալիստական է։

Այն հետևյալն է՝ եռանախագահները երկու երկրներին փոխզիջումային փաստաթուղթ են առաջարկել, որը տհաճ է և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանի համար»։ Բանախոսը նշել է, որ իրենց դաշինքն այդ փաստաթղթին կողմ է։

Ստեփան Սաֆարյանը պնդել է, որ իրենց կուսակցությունը գալիս է «ոչ թե այդ փաստաթղթերին «այո» կամ «ոչ» ասելու, այլ այդ փաստաթղթերը փոխելու»։

ՀՅԴ-ի ներկայացուցչի խոսքով՝ իրենց համար առաջնահերթ է, որ Արցախը ներգրավվի բանակցային գործընթացին։ Իր հերթին, Ենգիբարյանը, նույնպես կարևորելով բանակցային գործընթացի մեջ ղարաբաղյան կողմի ներգրավումը, նշել է, որ Ադրբեջանը նախ և առաջ պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Արամ Մանուկյանը կրկին ասել է այն մասին, թե ինչու է ՀԱԿ-ՀԺԿ-ն կողմ ղարաբաղյան խնդիրը փոխզիջումային տարբերակով լուծելուն․ «Մենք ասում են՝ եկեք ստորագրենք այս պայմանագիրը, շունչ քաշենք, և ուժեղացնենք երկիրը, բանակը, զենքը, որ դիմակայենք սպառնալիքներին։ Սա կենացների տեղ չի, սա արկածախնդրության տեղ չի, էն ամեն ինչը, որ ասում եք՝ պետք է ռեալ լինի։ Մենք հո հիմա՞ր չենք, որ գնացել ենք, ծրագիր ենք ասում, որով հասկանում ենք, որ բոլորը կարող են մեզ քննադատել, կարող ենք ընկնել ռեյտինգ կորցնելու վտանգի առաջ, և շատերը մեզ քննադատեն, թե մենք վախկոտ ենք, պաշտպանվողական ենք, նահանջողական ենք»։

Tekali Taxi