Այսօր կեսօրից հետո ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Այս մասին հայտնում է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) մամուլի կենտրոնը։
Բաբայանին ձերբակալել են զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։
ԱԱԾ-ն հայտնում է, որ «Իգլա»-ի բաղադրիչները փորձել են մաքսանենգ եղանակով տեղափոխել Հայաստանի Հանրապետության տարածք, ինչը կանխվել է սահմանապահների կողմից։
«Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով», -ասված է ԱԱԾ հայտարարության մեջ։
Քրեական գործը հարուցվել է 235-րդ հոդվածի 2-րդ մասի (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի, դրա տեղափոխման միջոցների, այլ զինամթերքի, ռազմական տեխնիկայի, զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող այլ նյութերի կամ սարքավորումների, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի մաքսանենգություն) հատկանիշներով։
Բացի Բաբայանից ձերբակալվել է ևս երկու անձ։ Պաշտոնական աղբյուրը նշում է, որ նշված համալիրի բաղկացուցիչ մասերի «ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով»։
«Ըստ փորձագետի եզրակացության՝ զենիթա-հրթիռային համալիրի բաղադրիչ կազմող «9M39» մարտական հրթիռը պիտանի է հետագա շահագործման համար և հանդիսանում է ռազմամթերք», -ասված է հայտարարության մեջ։
Ձերբակալման մասին լուրը հրապարակելով՝ 1in.am կայքը նշել էր, որ այսօր առավոտյան «Ժամանակ» օրաթերթը գրել է՝ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում և չեն բացառվում ԱԱԾ-ի կողմից կտրուկ քայլեր և գործողություններ՝ ընդհուպ կալանավորումներ։
Սամվել Բաբայանը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում սատարում է Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան (ՕՐՕ) դաշինքին։ Դաշինքի առաջնորդներից Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասել է, որ իրենք հավելյալ տեղեկություններ չունեն և պարզաբանումներ կներկայացնեն ավելի ուշ։ Նա նշել է, որ Սամվել Բաբայանը «մեր գաղափարակից ընկերն է», և նրա ձերբակալությունը կարող է պայմանավորաված լինել դաշինքի նկատմամբ իրականացվող վերջին գործողություններով»։
Նշենք, որ նախորդ շաբաթ Արմավիր մարզի Ջրառատ գյուղում բախում էր տեղի ունեցել ՕՐՕ դաշինքի և ՀՀ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբայր Լեռնիկ Երանոսյանի միջև, որի ընթացքում Երանոսյանը կրակել էր իր ատրճանակից։ Սամվել Բաբայանը, մեկնաբանելով միջադեպը, «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է․ «Խորհուրդ չեմ տալիս, որ կանգնեն դաշինքի դեմ, որովհետև այդպես կրակելով՝ տեղ չեն հասնի: Եթե այսօր իրենք են կրակում, վաղը կարող է, մյուս կողմը կրակի, ու ընդհանրապես իրենց ողջ-առողջ չգտնեն»: