Գլխավոր / Ազգային ժողով / Հանրապետական իշխանությունը զավթել է դպրոցները․ նախընտրական սկանդալի հետքերով

Հանրապետական իշխանությունը զավթել է դպրոցները․ նախընտրական սկանդալի հետքերով

Վերջերս sut.am կայքը հրապարակել էր 114 դպրոցի և մանկապարտեզների տնօրեննների ձայնագրություններ, որտեղ վերջիններս խոստովանում էին, որ իրենք ընտրությունների համար մարդկանց ցուցակներ են հավաքագրել ՀՀԿ կուսակցության համար։

Ուսումնասիրությունը կատարած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ -ի ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրականում խնդիրը ոչ թե 114 վատ, անբարեխիղճ և օրինախախտ տնօրեններն են, այլ գործող համակարգը։

«Մեր հրապարակած ձայնագրությունների մեջ տնօրենների մեծ մասը տվել են հստակ վարչական անուններ։ Ձայնագրություններից մեկի մեջ, անգամ, հստակ նշվում է, որ այդ ամենի մեջ ընդգրկված է նաև Գյումրու տարածքային ընտրաժողովի նախագահը, ով 6 օր հետո ղեկավարելու է թվով 50 տեղամասեր։ Իսկ այդ անձի կինը մեզ հետ հեռախոսազրույցում պատմում էր, թե ինչպես են իրենք ամուսնու հետ միասին վերջին ձևերով վախեցրել մարդկանց», — ընդգծել է Իոանիսյանը։

Նա նշել է, որ իրենց հրապարակումից հետո Հանրապետական կուսակցությունը բողոքել է, որ ՀԿ- ն թիրախավորել է իրենց և ուսումնասիրել է միայն իրենց կողմից վարչական ռեսուրսի խախտումը։ «Հազար ներողություն, բա էլ ո՞վ ունի վարչական ռեսուրս։ Վարչական ռեսուրս կարող է չարաշահել նա, ով ունի վարչական ռեսուրս։ Մեզ միայն կարելի է մեղադրել նրա մեջ, որ չենք ուսումնասիրել դաշնակցականների մասը։ Ի դեպ, Շիրակի և Արագածոտնի մարզերում տնօրենները մեզ հետ զրույցում բողոքում էին, որ իրենց մարզում անհստակ է, թե ում պետք է հանձնեն ցուցակները, որովհետև իրենց մարզում մարզպետը դաշնակցական է», — նշել է Իոանիսյանը։

Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների կողմից տված արձագանքին, Իոանիսյանը նշել է, որ միակ արձագանքը եղել է դատախազության այն հայտարարությունը, որ ձայնագրություններն ուսումնասիրվում են․ «Ես վստահ եմ, որ այս ամենը կավարտվի նրանով, որ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ այս ձայնագրությունները չեն կարող ունենալ ապացուցողական նշանակություն դատարանում և դրանով հարցը կփակվի»։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն ընդգծել է, որ մեծ խախտում է ընտրատարածքային ընտական հանձնաժողովների ներգրավածությունն այս ամենի մեջ, քանի որ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ հանձնաժողովի անդամներն իրավունք չունեն զբաղվել քարոզչությամբ։

«Այս մարդիկ թույլ են տվել վարչական իրավախախտում, սակայն խնդիրն այն է, որ Ընտրական օրենսգրքի մեջ բացթողում կա, և նշված չէ որևէ պատասխանատվություն այն դեպքում, երբ սուբյեկտը խախտում է օրենքը և քարոզչություն է իրականացնում սահմանաված կարգի խախտումով»։

Ասուլիսի մասնակից կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասել է, որ հանրակրթական հաստատությունները արդեն իսկ հայտնվել են բավականին ծանր իրավիճակում։ «Փաստորեն, ունենք մի վիճակ, որ տնօրեններին արդեն ոչ թե պարտադրում են դառնալ Հանրապետական, քանի որ արդեն համակարգը ներդրված է, և տնօրենն իր կամքով է դառնում կուսակցական, հասկանալով, որ եթե դուրս գա այդ համակարգից, դա բացասական կազդի իր դպրոցի վրա ու ինքը չի կարող դպրոցի վերանորոգման, գույքի կամ կադրային հարց բաձրացնել։ Սա էլ իր հերթին բերում է մի իրավիճակի, որ ազատամիտ մարդիկ այլևս չեն ցանկանում մտնել այդ համակարգի մեջ ու դպրոցում աշխատել», — ասել է փորձագետը։