Գլխավոր / Ազգային ժողով / Ընդդիմադիրները սխալվեցին․ քվեարկությունը վերահսկվում է

Ընդդիմադիրները սխալվեցին․ քվեարկությունը վերահսկվում է

Սահմանադրության փոփոխությունից հետո անցկացվող առաջին խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ընտրությունների արդար անցնելու մասին վստահեցնում էին ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմադիր գործիչները և քաղհասարակության ներկայացուցիչները։ Որպես փաստարկ բերվում էին էլեկտրոնային սարքերը, ցուցակների հրապարակումը, 9 քվեաթերթիկների առկայությունը՝ որպես «կարուսելի» հակաթույն և այլ նորամուծություններ։ Այսօր՝ ընտրությունների օրը, գոնե դիտորդներն իրենց կարծիքը փոխել են և հայտնում են, որ ընտրատեղամասերում էլ խախտումները քիչ չեն։

էլեկտրոնային սարքերը խոտանվում են

«Անկախ դիտորդ» նախաձեռնության անդամ Դանիել Իոաննիսյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է․ «Եթե մենք կարծում էինք, որ հիմնական ընտրակեղծիքներն ընտրատեղամասի դրսում են՝ վարչական ռեսուրսների, ընտրակաշառքի տեսքով, այսօր օրվա կեսին արդեն հայտնի է, որ բուն ընտրական պրոցեսում էլ ընտրակեղծիքները շատ են։ Եթե համեմատենք 2015 թվականի Սահմանադրական հանրաքվեի, էլ չասեմ 2012, 2013 թվականների հետ»։

Էլեկտրոնային սարքերը, համաձայն ահազանգերի, խնդիրներ են առաջացրել ընտրատեղամասերի 60%֊ում։ Դավիթաշենում դիտորդ Նարե Հովհաննիսյանը Epress.am-ին պատմել է, որ սարքերը խոտանվել են երկու անգամ, հանձնաժողովի անդամները դա բացատրել են նրանով, որ «Vivacell-MTS»-ի կապի հետ պրոբլեմներ կան։ Մինչդեռ դիտորդները նշում են, որ էլեկտրոնային սարքերը ինտերնետային սինխրոնիզացիա չունեն։

Ավան թաղամասի ընտրատեղամասերից մեկի դիտորդն ասել է, որ հաճախ սարքերը մատնահետքերը չեն նույնականացնում։

կեղծ դիտորդներ

Դավիթաշեն թաղմասում գտնվող 93 միջնակարգ դպրոցի 3 ընտրատեղամասերում Epress.am֊ի լրագրողին դիտորդներից երեքը հրաժարվել են ներկայանալ, նշել իրենց կազմակերպության անունը։ Միևնույն ժամանակ նրանք իրենց «բեյջերը» պահում էին ծոցագրպանում։ Նման մի դեպք է գրանցել նաև «Անկախ դիտորդ» կազմակերպության դիտորդը։ Նա Քանաքեռ֊Զեյթունում գտնվող 3/31 տեղամասում «կեղծ» դիտորդի գրպանից հայտնաբերել է մարդկանց անուններով ցուցակ, որոնց վրա եղել են նշումներ, թե մարդկանցից ովքեր են եկել քվեարկության։ «Անկախ դիտորդը» նկատել է՝ ինչպես է «կեղծ դիտորդը» նշումներ անում իր ցուցակում և ահազանգել է հանձնաժողովի նախագահին։ Վերջինս «դիտորդին» հանել է ընտրատեղամասից, բայց ԿԸՀ-ի որոշմամբ նրան հետ են բերել։

դիտորդի գրպանից հանված ցուցակը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են 28.000 դիտորդներ, նրանցից 21.000֊ը, ըստ Դանիել Իոաննսիյանի, անհայտ ու կասկածելի կազմակերպություններից են։

օգնողներ և վերահսկողներ

Մինչ ընտրությունների օրը քաղաքացիական ակտիվիստներն ու ընդդիմադիր գործիչները գովում էին նաև ընտրական օրենսգրքի այն փոփոխությունը, որով անձը միայն մեկ անգամ կարող է որևէ մեկին օգնել միևնույն ընտրատեղամասում։ Բազմաթիվ դիտորներն ահազանգում են, որ միևնույն մարդիկ «օգնում են» երկու և ավելի անգամ։ «Շատ, մտահոգիչ շատ են օգնողները։ Եղել է դեպք, որ նույն անձը մի քանի անգամ է օգնել։ Մենք այդ խախտումը գրանցել ենք մատյանում։ Ակնհայտ է, որ որոշ մարդիկ օգնության կարիք չունեն, նրանց ուղղակի վերահսկում են։ Այդ դեպքերում փորձում ենք օգնել, պաշտապնել, որ մենակ ընտրեն, ակնոց ենք տալիս, բացատրում, որ այնուամենայնիվ մենակ մտնեն ընտրության», ֊ պատմել է համար 80 միջնակարգ դպրոցում դիտորդություն իրականացնող Անի Հակոբյանը։

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության գրանցած խախտումների մեջ մեծ թիվ են կազմում ընտրողին օգնելու կարգի խախտումները և ընտրությունը վերահսկելու դեպքերը։ Իոաննիսյանի խոսքով՝ կեսօրի դրությամբ տեղամասեր կային, որտեղ բոլոր ընտրողները քվեարկել են «օգնողի» հետ։

թաղային ասիչների և ոստիկանականների կուտակումներ

Դավիթաշենի 05/01, 05/02, 05/03 ընտրատեղամասերը տեղակայված են 93 համարի միջնակարգ դպրոցում։ Այստեղ նույնպես նկատվում էր մարդկանց և մեքենաների կուտակում։ Ընտրատեղամասի դրսում մեքենաներն այնքան շատ էին, որ արգելափակում էին այլ մեքենաների մուտքն ու ելքը։ Նկատվում էին մեծ թվով ոստիկաններ, ինչը դիտորդները բացատրում էին նրանով, որ ընտրատարածքում ՀՀԿ֊ից առաջադրված է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանը։ Ընտրատեղամասում կուտակման պատճառ էին նաև Երկրապահ կամավորական միության Դավիթաշենի տարածքային բաժանմունքի ղեկավար Սարգիս Գրիգորյանն ու նրան ուղեկցող շքախումբը։

Tekali Taxi