Սարի թաղի գործով ձերբակալվածներից մեկը՝ Հրաչյա Բոյաջյանը, արդեն 9-րդ օրն է հացադուլի մեջ է։
Epress.am-ի հետ զրույցում Բոյաջյանի կինը՝ Նարինե Ղազարյանը նշել է, որ իր ամուսինն առողջական խնդիրներ ունի և այս հացադուլը կարող է նրա համար ծանր հետևանքներ ունենալ։
«Հրաչյան հազվադեպ հանդիպող հիվանդություն՝ ոչ շաքարային դիաբետ ունի, և ես իրան հստակ ճանաչելով համոզված եմ, որ հացադուլից դուրս չի գա մինչև իր պահանջը չկատարվի, ինչը նշանակում է, որ այս հացադուլը նրա համար անդառնալի հետևանքներ կարող է ունենալ։ Սա իր համար մահ է»,- ասել է Ղազարյանը՝ նշելով, որ այս հարցով ինքն արդեն դիմել է Մարդու իրավուքների պաշտպանին։
Բնակիչների համոզմամբ՝ իրենց հարազատների ձերբակալությունը քաղաքական հետապնդում է, և նրանց ազատության համար արդեն 17 օր դատախազության շենքի դիմաց նստացույց անելուց բացի, պատրաստվում են նաև այլ քայլերի դիմել, որոնց մասին առայժմ չեն բարձրաձայնում։
Նրանք պահանջում են ազատ արձակել իրենց բարեկամներին, կամ հստակեցնել նրանց մեղադրանքը։
Նշենք, որ Սարի Թաղի 10 բնակիչներ մեղադրվում են հուլիսի 19-ին իրենց թաղամասում տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկաններին հարվածելու մեջ։ Ոստիկանների հետ բախման արդյունքում ձերբակալեցին 10 սարիթաղցիներ, որոնց մեղադրանք առաջադրվեց 316 հոդվածի 2-րդ մասով, այն է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը։ Գործով որպես տուժող է անցնում 6 ոստիկան։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 5-10 տարի ազատազրկում։ Բախումը տեղի էր ունեցել «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո, երբ ոստիկանները փակել էին դեպի Սարի Թաղի մի հատված տանող ճանապարհը։ Թաղամասի մի մասը նաև հոսանքազրկվել ու ջրազրկվել էր, ինչից էլ բողոքում էին բնակիչները։