2 տարվա ազատազրկման դատապատված քաղբանտարկյալ Գևորգ Սաֆարյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, սակայն նրան ոչ մի բժշկական օգնություն չի տրամադրվում։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը՝ ընդգծելով, խնդիրները կապված են ոտքի հետ։
Նրա խոսքով՝ մեկ ամիս առաջ Գևորգին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» և ռենտգեն հետազոտություն են իրականացրել, սակայն մինչև հիմա չեն տրամադրում հիվանդության ախտորոշումը, որպեսզի Սաֆարյանի հարազատները կարողանան բուժման համար քայլեր ձեռնարկել։
«Դա նշանակում է, որ Գևորգի մոտ կարող է լուրջ հիվանդություն լինել, որն անհամատեղելի է պատիժը կրելու հետ, դրա համար էլ քրեակատարողական հիմնարկը չի ցանկանում բարձրաձայնել հիվանդության մասին ու չի տրամադրում նրա հետազոտության արդյուքները։ Իսկ Գևորգի ոտքը ուժեղ ցավում է», – նշել է Հայրապետյանը։
Փաստաբանն ընդգծել է նաև, որ «Դատապարտյալների հիվանդանոցից» իրենց ասել են, թե ռենտգեն հետազոտության արդյունքներն ուղարկվել են Քրեակատարողական վարչություն, որտեղից էլ մինչ օրս Սաֆարյանը պատասխան չի ստացել․ «Այսինքն՝ Քրեակատարողական վարչությունն ակնհայտ ապօրինի անգործություն է դրսևորում։ Նրանք պարտավոր էին 3-4 օրվա ընթացքում պատասխան տալ։ Եվ սա Արդարադատության նախարարության հիմնարկներից մեկն է․․․ Այս ամենը վկայում է, որ նախարարությունն իր բոլոր հիմնարկներով հանդերձ չի աշխատում»։
Հայրապետյանն ասել է, որ Գևորգի մոտ առողջական խնդիրներն ի հայտ են եկել բանտում։