Home / Բանակ / Հայաստանը 50 հազար է վճարելու․ ՄԻԵԴ֊ը վճռել է՝ խախտվել է զինվորի կյանքի իրավունքը

Հայաստանը 50 հազար է վճարելու․ ՄԻԵԴ֊ը վճռել է՝ խախտվել է զինվորի կյանքի իրավունքը

ՀՀ Կառավարությունն իր վաղվա նիստում որոշում է կայացնելու ավելի քան 50,000 եվրոյին համարժեք դրամ փոխանցել Լեռնային Ղարաբաղում մահացած զինծառայող, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սուրեն Մուրադյանի իրավահաջորդներին։ Ավելի վաղ՝ 2016 թվականի նոյեմբերին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր զինվորի հոր Հրաչյա Մուրադյանի բողոքը և պարտավորեցրել Հայաստանի Հանրապետությանը վերոնշյալ չափով փոխհատուցում վճարել։

Դիմող կողմը պնդում էր, որ խախտվել է զինվորի կյանքի իրավունքը, ինչպես նաև արդար դատավարության իրավունքը։ Գործի լսումները տեղի են ունեցել Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում, որոնց արդյունքում մեղավորներ չեն հայտնաբերվել։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ մահվան պատճառը մալարիա հիվանդությունն էր: Ըստ զինվորի հոր, սակայն, զինծառայողը մահացել է ֆիզիկական բռնության հետևանքով․ խոշտանգել են զորամասի հրամանատարի տեղակալը և հրետանու պետը, սակայն նրանք խուսափել են պատժից:

ՄԻԵԴ֊ը, կոմունիկացնելով գործը, հարցրել էր ՀՀ կառավարությանը՝ ինչու է հայաստանցի զինվորը ծառայել Լեռնային Ղարաբաղում։ Ըստ Մուրադյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի՝ կառավարությունը պատասխանել էր, հղում անելով 1994 թվականին կնքված ինչ֊որ համաձայնագրի, որը, ըստ փաստաբանի, գոյություն չունի։

ՄԻԵԴ֊ի կայքից տեղեկանում ենք, որ նախաքննությունը ընդունել է, թե Սուրեն Մուրադյանը կոնֆլիկտ է ունեցել իր զորամասի երկու սպաների հետ, որը սկսվել է կորած ժամացույցի մասին խոսակցությունից։ Սուրեն Մուրադյանին սպաները ժամանակ են տվել ժամացույցը գտնելու, և սպառնացել են, որ եթե չանի, «պրոբլեմներ կունենա» և «կպատժվի»։ Մի քանի օրից, երբ տրված ժամանակը հավանաբար ավարտվել էր, Մուրադյանին նորից կանչել են և սպառնալիքները շարունակվել են։ ՄԻԵԴ֊ը քննադատում է գործի քննությունն իրականացնողներին այդ վեճի հանգամանքները չպարզելու համար։

Tekali Taxi