հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / ՀՀ քաղաքացիների Ղարաբաղում ծառայելը հիմնավորել են գոյություն չունեցող փաստաթղթով․ փաստաբան

ՀՀ քաղաքացիների Ղարաբաղում ծառայելը հիմնավորել են գոյություն չունեցող փաստաթղթով․ փաստաբան

ԼՂՀ բանակում զոհված Հայաստանի քաղաքացիների ծնողների բազմիցս բարձրացրած հարցը, թե ինչ իրավական հիմքով է ՀՀ քաղաքացին ծառայում ԼՂՀ պաշտպանության բանակում, ՀՀ Կառավարությանը հղել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: ՄԻԵԴ-ից հարցն ուղղվել է «Հրաչիկ Մուրադյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով»:

Հրաչիկ Մուրադյանի որդին՝ Սուրեն Մուրադյանը, մահացել է 2001 թվականին ԼՂՀ բանակում, մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը լսվել է «Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում»: Մուրադյանի հայրը ներպետական ատյաններում պայքարել է առանց իրավաբանական աջակցության, սակայն բողոքը ՄԻԵԴ պատրաստել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

Զինծառայողի ԼՂՀ-ում ծառայելու և նրա մահվան գործը Ստեփանակերտում լսելու մասին ՄԻԵԴ-ի հարցին պատասխանելով ՝ ՀՀ կառավարությունը, Շուշանյանի խոսքով, հղում է կատարել գոյություն չունեցող փաստաթղթի:

«ՀՀ կառավարությունը հղում էր արել, որ ՀՀ քաղաքացու ծառայելը ԼՂՀ բանակում հիմնավորված է ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև 1994 թվականին կնքված միջպետական համաձայնագրով: Դրա ինչ-որ կետով ՀՀ քաղաքացիները կարող են ծառայել Ղարաբաղում՝ իրենց կամքով: Եվ նույն համաձայնագրի մեկ այլ կետով սահմանվում է, որ այդ զինծառայողի հետ ԼՂՀ-ում ինչ-որ իրավախախտումները պետք է քննվեն ՀՀ իրավապահ մարմինների կողմից: Սակայն մեզ այդպես էլ չի հաջողվել գտնել որևէ նման միջպետական համաձայնագիր»,- ասել է Շուշանյանը:

Գործի մասին պատմելով՝ փաստաբանն ասել է, որ Մուրադյանը մահացել է իր նկատմամբ ֆիզիկական բռնության հետևանքով, սակայն պաշտոնական վարկածի համաձայն՝ մահվան պատճառը մալարիա հիվանդությունն էր: Շուշանյանն ասել է, որ զինծառայողին խոշտանգել են զորամասի հրամանատարի տեղակալը և հրետանու պետը, սակայն նրանք խուսափել են պատժից: Գործի նյութերում կա նաև այն ժամանակ ԼՂՀ ՊՆ նախարար Սերյան Օհանյանի նամակը, որով նա խնդրել է պատժից ազատել ռազմական պաշտոնյաններին այն հիմքով, որ նրանք մեծ ներդրում են ունեցել Արցախյան պատերազմում:

Շուշանյանի խոսքով՝ պատշոնյաներին անգամ մեղադրանք առաջադրված չի եղել:

«Հրաչիկ Մուրադյանն ընդդեմ ՀՀ գործով» ՄԻԵԴ-ը դեռ վճիռ չի հրապարակել: Հայցի հիմքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Կյանքի իրավունքի խախտման հոդվածն է: