Հեղինակ՝ Քյամրան Աղաև
Ֆրանսիայի նախագահի հովանու ներքո Ղարաբաղի վերաբերյալ վերջերս Փարիզում կայացած հերթական անարդյունք եռակողմ հանդիպումից հետո հիշեցի երբեմնի հայտնի թեզն այն մասին, թե Ղարաբաղի հակամարտության բանալին գտնվում է Մոսկվայում։ Այն վերագրում են Հեյդար Ալիևին, ով այդ մասին ասել է 1994 թվականին՝ Բիշկեքի արձանագրության ստորագրումից հետո, որը նախատեսում էր զինադադար պատերազմող կողմերի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև։
Կարծում եմ՝ քաղաքական խաղերում փորձառու Ալիևը գիտեր, թե ինչ էր ասում։ Վերջին 25 տարիները միայն մի բան են ցույց տվել՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին դեռևս գտնվում է Մոսկվայում, ու Մոսկվան չի պատրաստվում այն տալ որևէ մեկին։ ԿԳԲ֊ի դպրոց անցած Ալիևը լավ էր սերտել մաքսիմը՝ որպեսզի խնդիրը վերանա, այն պետք է կոծկել (ավելի սարսափելի՝ «Չկա մարդ՝ չկա խնդիր» պարադիգմի թեթև տարբերակը)։ Հետևաբար, ստորագրելով Բիշկեքի արձանագրությունն ու ակնարկելով Մոսկվայի առանցքային դերի մասին, Ալիևը «մի կրակոցով մի քանի նապաստակ սպանեց»՝ 1․ Իր համար անամպ իշխանություն ապահովեց՝ հաշվի առնելով Ղարաբաղն ազատագրել փորձաց նախկին նախագահների տխուր փորձը, 2․ Լավ իմանալով ռուսների մտածելակերպը՝ Ալիևը հմտորեն քծնեց նրանց արժանապատվությանը, որը լրջորեն տուժել էր ԽՍՀՄ փլուզումից հետո, 3․ Ստացավ Մոսկվայի՝ իրեն անհրաժեշտ հավատարմությունը ու ռուսներին փոխանցեց բարդագույն խնդրի կարգավորումը։
Իլհամ Ալիևը, ստանալով իշխանական էստաֆետն իր հորից, ընդունեց նաև նրա մոտեցումը Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում։ Երիտասարդ Ալիևը լավ սերտել էր Ադրբեջանի իշխանության՝ իր հոր կողմից մշակված բանաձևը՝ եթե ցանկանում ես երկար իշխել, մի փորձիր լուծել անլուծելի խնդիրները։ Ընդ որում, Ի․ Ալիևն ավելի հեռուն գնաց ու պատերազմական դրության պատրվակի տակ իր համար ապահովեց ու սահմանադրությամբ ամրապնդեց ցմահ իշխանություն։ Դրա անհեթեթությունը, սակայն, ակնհայտ է․ եթե, ենթադրենք՝ հայ֊ադրբեջանական հակամարտությունը վաղն ինչ֊որ հրաշքով կարգավորվում է, ապա դա վերջ է դնում Ի․ Ալիևի ցմահ նախագահությանը։
Ստիպված ենք ցավով փաստել, որ Ղարաբաղի հիմնախնդիրն ու հայ֊ադրբեջանական հակամարտությունը դարձել են տարբեր քաղաքական նպատակների հասնելու հաղթաթուղթ՝ պատերազմող կողմերի իշխող ռեժիմների կողմից իրենց իշխանության ամրապնդման համար օգտագործվելուց մինչև արտաքին ուժերի (ԱՄՆ, Արևմտյան Եվրոպա, Թուրքիա, Իրան) փորձերը փոքրացնել Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում։ Մինչդեռ Մոսկվան ի սկզբանե ցույց է տվել ու շարունակում է ցուցադրել, որ չի պատրաստվում իր պատմական ու աշխարհաքաղաքական շահերի ոլորտը զիջել որևէ մեկին։ Այդպես էր թուլացող Ելցինի օրոք, առավել ևս այդպես է ուժեղացող Պուտինի օրոք։ Ենթադրում եմ, որ անգամ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Մոսկվան այն միշտ համարել է մեռելածին օրգան, որը միայն բավարարում էր մյուս երկու կողմերի՝ ԱՄՆ֊ի ու Ֆրանսիայի որոշ հավակնությունները։ Այդ խմբի գործունեության «արդյունքները» ինչ֊որ իմաստով ապացուցում են ենթադրությունս։
Այնուամենայնիվ, Մինսկի խումբը շարունակում է իր աշխատանքն ու դրան չի խանգարում Բաքվի կողմից հնչող քննադատությունը, որը, ընդ որում, ավելի ու ավելի հաճախ ակնարկում է օկուպացված տարածքների՝ ռազմական ճանապարհով ազատագրման մասին: Կրկնելով մանտրան այն մասին, թե Ադրբեջանին այլ ընտրություն չի մնում՝ Ալիևը մի կողմից ձգձգում է խնդրի կարգավորումը, մյուս կողմից՝ հաճոյանում Կրեմլին՝ ամրապնդելով Մոսկվայի միջնորդական դերը։ Թե Ալիևը, թե Պուտինը լավ հասկանում են, որ Ղարաբաղի հիմնախնդրի՝ ռազմական ճանապարհով կարգավորումը հնարավոր չէ․ դա միայն վերջ կդնի Ալիևների միապետական դինաստիային։
Իրադարձությունների զարգացումը վկայում է այն մասին, որ խնդրի լուծումը նոր փուլ է մտնում, ինչը պայմանավորված է Մոսկվայի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների ակտիվացմամբ ու Հայաստանի՝ այդ միությանն անդամակցությամբ։ Հատկանշական է, որ Հայաստանին չհաջողվեց այդ կազմակերպություն մտցնել նաև այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Դա կարելի է գնահատել, առաջին հերթին, որպես Ռուսաստանի ու ԵՏՄ֊ի մյուս անդամների՝ Ղազախստանի ու Ադրբեջանի կողմից ռևերանս ուղղված Ադրբեջանին, երկրի տարածքային ամբողջականության հաստատում։ Մյուս կողմից, դա ազդանշան է, որ Ղարաբաղը ԵՏՄ֊ում կարող է հայտնվել միայն այն դեպքում, եթե միությանն անդամակցի Ադրբեջանը։
Ադրբեջանը բազմիցս ստացել է ԵՏՄ֊ին միանալու հրավեր, այդ թվում՝ բարձր մակարդակով։ Մոսկվայի բնորոշմամբ՝ ԵՏՄ֊ն Եվրամիությանը հակազդող գլխավոր աշխարհաքաղաքական ու տնտեսական նախագիծն է։ ԵՄ֊ի ստեղծման պրակտիկան ցույց է տալիս, որ ինտեգրացիոն գործընթացները մի քանի փուլով են ընթանում․ մաքսային միություն, ապրանքների, ծառայությունների ու աշխատուժի ազատ շրջանառություն, սահմանների վերացում, արժութային միություն ու, վերջապես, միասնական իրավական տարածքի ձևավորում։ Նման էվոլյուցիան դե ֆակտո և դե յուրե բացառում է որևէ անջատողական կազմավորումների գոյությունը։ Այդ հիմնարար ճշմարտությունը պետք է հասկանան թե Երևանում, թե օկուպացված Խանքենդիում (Ստեփանակերտ)։ Հետևաբար, եթե, ենթադրենք, Ադրբեջանը մտնի ԵՏՄ, Ղարաբաղի հիմնախնդիրն ու հայ ազգայնականների պահանջները ժամանակի հետ կընկալվեն որպես անախրոնիզմ, իսկ Մինսկի խումբը, որպես ավելորդություն, կդադարի իր գոյությունը։
Այժմ հասկանալի է դառնում՝ ինչու է Մոսկվան այդքան երկար պահել Ղարաբաղի բանալին։ Եկել է պատեհ պահը, երբ այդ բանալիով հայ֊ադրբեջանական հակասություններից բացի կարելի է լուծել աշխարհաքաղաքական ու աշխարհառազմավարական բնույթի մի շարք խնդիրներ։ Կարելի է երկար քննարկել՝ ԵՏՄ֊ն իրենից ինչ է ներկայացնում՝ ԽՍՀՄ֊ի վերականգնման գործիք, թե լիարժեք ինտեգրացիոն խմբավորում՝ դրա անդամների անկախության պահպանմամբ։ Միևնույն ժամանակ, այն կարելի է ընկալել որպես ժամանակակից, վերազգային հարթակ՝ տնտեսական, առևտրային ու հումանիտար համագործակցության զարգացման միջոցով տարածքային հակամարտությունների ու վեճերի կարգավորման համար։
Այսպիսով, Ադրբեջանի ղեկավարությունը կանգնած է բարդագույն երկընտրանքի առջև։ Դժվար է ենթադրել՝ Իլհամ Ալիևը որ ուղին կընտրի։ Կասկած չի հարուցում միայն մի հանգամանք՝ աշխարհում ու հետխորհրդային տարածքում իրավիճակի կտրուկ զարգացումը խոսում է այն մասին, որ ընտրության համար ժամանակը խիստ սահմանափակ է։
Նյութի բնօրինակը՝ Contact.az
Լուսանկարը՝ Academic.ru