Հայաստանը չպետք է հույսը դնի Ռուսաստանի վրա, ոչ էլ՝ Ադրբեջանի ռազմական թուլության, իսկ Բաքուն պետք է իմանա, որ Ղարաբաղը Մոսկվային չի պատկանում։ Echo.az֊ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Քաղաքական փորձագիտական խմբի (Մոսկվա) ղեկավար Կոնստանտին Կալաչևը։
֊ Երևում է՝ Ադրբեջանում Հայաստանը դեռևս ընդունում են միայն որպես Ռուսաստանի վասալի, ոչ ավելին։ Հերքում են հայկական սուբյեկտիվությունը։ Իսկ եթե այդպես է, ուրեմն պետք է Ղարաբաղի մասին համաձայնության գալ Մոսկվայի հետ, արժանանալ դրա համակրանքին։ Ղարաբաղը արժանի է։ Թող Ռուսաստանը որոշի՝ ինչ է ուզում Ղարաբաղի դիմաց, ու ամեն ինչ լավ կլինի։ Ղարաբաղի գործոնն օգտագործելով՝ Մոսկվայում կարող են հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ։ Իսկ ահա նախկին ինքնավարությունն Ադրբեջանին վերադարձնել չեն կարող․ նշանակություն չունի՝ Ադրբեջանը կմտնի Մաքսային միություն, թե ոչ։ Հայաստանը հարցի շուրջ իր կարծիքն ունի։ Կարծել, թե Ռուսաստանը կկոտրի Հայաստանին, միամտություն է։
Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականությունը բոլորովին այլ մոտեցումների վրա է հիմնված։ Այդ մոտեցումները բացառում են բռնության կիրառումը մշտական դաշնակիցների դեմ։ Այո, ՌԴ֊ն դեմ չէ Բաքուն ներքաշել իր ազդեցության գոտի, ինչն էլ արվում է, օրինակ, զինամթերքի մատակարարումների միջոցով։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ նրանք պատրաստվում են մի դաշնակցին փոխարինել մյուսով։ Ռուսական դիվանագիտությունն այդպես չի գործում։ Խաղը շատ ավելի նուրբ է։ Հնարավոր չէ «Ղարաբաղն Ադրբեջանին մատուցել սկուտեղի վրա», քանի որ այն Ռուսաստանին չի պատկանում։
Կարելի է միայն փորձել արդյունավետ կատարել միջնորդի դեր, կամ առկախել թեման։ Առկախելը բարդ է, քանի որ այդ ժամանակ կհայտնվեն այլ միջնորդներ։ Իհարկե, միակ լուծումը տարածքների փոխանակումն է։ Հայաստանը պետք է ինչ֊որ բան զոհաբերի խաղաղության համար։ Բայց ժամանակը դեռ չի եկել։ Իսկ կարգախոսներն ու ոչնչի վրա չազդող ռուսաստանցի փորձագետները գործընթացն արագացնելուն չեն օգնի։ Պետք է դիմել հայաստանցի փորձագետներին։ Պետք է կամուրջներ կառուցել։ Պետք է անցնել երկխոսության։ Ու չգերագնահատել Ռուսաստանի հնարավորությունները տվյալ հարցում։
Հայաստանն, իր հերթին, չպետք է գերագնահատի այսօրվա իրողությունները։ Ակնհայտ է, որ հայերը Ադրբեջանը չեն համարում ուժեղ ռազմական երկիր։ Ու վերջին բախումները կրկին նրանց վստահեցնում են, որ խնդրի՝ ռազմական ճանապարհով լուծմանն Ադրբեջանն այսօր պատրաստ չէ։ Խնդիրն այն է, որ երբ պատրաստ լինի, համաձայնության գալու համար արդեն կարող է ուշ լինել։ Իսկ հույսը բացառապես Ռուսաստանի վրա դնելն ինքնախաբեություն է։ Այնուամենայնիվ, այստեղ կարևոր չէ՝ միջնորդը ով է։ Կարևոր է, որ պատերազմի համար բավական է մի կողմը, իսկ ահա խաղաղության համար երկու կողմ է անհրաժեշտ։ Սա իմ անձնական կարծիքն է։
֊ Կարծում եք՝ հողերը կարելի է վերադարձնել միայն ռազմական ճանապարհո՞վ։
֊ Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի։ Խաղաղաբար չեն տա։ Իսկ փոխանակումները հնարավոր են միայն Ադրբեջանի ռազմավարական առավելության ու երկրի՝ զգացմունքերը մի կողմ թողնելու պատրաստակամության դեպքում։ Ներեցեք, բայց դեռևս ամեն ինչ ուղղված է հակահայկական հիստերիայի վրա։ Ֆեյսբուքում կարդում եմ առանձին ադրբեջանցի լրագրողների գրառումները հայերի մասին։ Փոխզիջման որոնման հոտ անգամ չի գալիս։ Իսկ պատերազմելու հնարավորությունները սահմանափակ են։ Տարածքների փոխանակումը կլիներ ելք փակուղուց։
Ակնհայտ է, սակայն, որ ազդեցիկ երրորդ ուժերն ավելի շահագրգռված են ստատուս քվոյի պահպանմամբ, իսկ Հայաստանի ներկայիս իշխանությունները, հասկանալի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով, հազիվ թե պատրաստ լինեն փոխզիջման։ Անձամբ ինձ չի կարելի կասկածել հայկական կողմի նկատմամբ հարգանքի կամ համակրանքի բացակայության մեջ։ Ու, հետևաբար, ես կարծում եմ, որ այն պետք է հիմա արդեն մտածի փոխզիջումների որոնման մասին։ Այդ դեպքում պայմանները կարող են իսկապես փոխզիջումային լինել։
Ժամանակն է՝ Ադրբեջանն ու Հայաստանը սովորեն խոսել ու համաձայնությունների գալ ուղղակիորեն՝ առանց միջնորդների։ Մյուսներն այս խնդրից միայն օգուտ են քաղում։ Հարգելով ԱՄՆ֊ն, սիրելով Հայրենիքս՝ Ռուսաստանը։