Home / Բանակ / Բանակում կրտսեր սերժանտը մահացել է ծառայակցի կրակոցից

Բանակում կրտսեր սերժանտը մահացել է ծառայակցի կրակոցից

Այսօր ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն՝ նշելով, որ զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վիրավորը մահացել է:

Նախնական պաշտոնական տվյալներով, Մեսրոպյանը վնասվածքն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), կատարվում է նախաքննություն:

Նույն հոդվածով քրգործ էր հարուցվել ապրիլի 21-ին Վայքի զորամասում տեղի ունեցած դեպքի առնչությամբ։ Նախնական տվյալներով՝ զորամասի զինծառայող Նարեկ Հակոբյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը ստացել էր համածառայակից կրտսեր սերժանտի (անունը չի նշվում) կողմից ինքնաձիգը մաքրելիս՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով առաջացած կրակոցից: