Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանի միջնորդությունը՝ իր դատական գործն «Սասնա ծռեր» խմբի գործից անջատելու մասին։
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը։
Փաստաբանի խոսքով՝ իրենք հենց նման վճիռ էլ ակնկալում էին դատարանից, և հիմա պատրաստվում են սպառեն մյուս երկու ատյաններն ու դիմեն Եվրոդատարան։
«Դատարանը գտավ, որ չի կարող գնահատական տալ քննիչի որոշմանը և այդ պատճառաբանությամբ մերժեց մեր միջնորդությունը։ Մենք ակնկալում էինք նման որոշում, և հիմա սպասում ենք, որպեսզի շատ արագ դիմենք Եվրոպական դատարան, և այս հարցը այնտեղ բարձրացնենք, որ գոնե նրանց ջանքերով այս հարցը կարգավորվի»,- նշել է Հայրապետյանը։
Նա ասել է նաև, որ դատավորի այս որոշումը «Վճռաբեկ դատարանի ստեղծած իրավիճակն է», երբ դատարանները պատճառաբանում են, որ չեն կարող անդրադառնալ դատախազի որոշումներին։
«Վճռաբեկ դատարանը փորձում է այնպես անել, որ դատարանները չունենան ազատության աստիճան, որպեսզի դատախազությունը կարողա անարգելք կատարել այն, ինչ իրեն հարմար է։
Վճռաբեկ դատարանի անպետք որոշումների արդյուքնում դատարանները զրկվում են ինքնուրույն որոշումներ կայացնելուց և միջնորդությունները մերժում են այն հիմնավորմամբ, որ իրենք չեն կարող դատախազական ֆունկցիաները վերցնել իրենց վրա։ Իսկ այս նախադասությունը հիմարություն է, քանի որ, եթե քննիչը սխալվում է, դիմում ես դատախազին, իսկ երբ դատախազն է սխալվում՝ դիմում ես դատարան, որը պարտավոր է անդրադառնալ քննիչի որոշումների հիմնավորվածությանը», – նշել է Հայրապետյանը։
Պաշտպանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում սահմանափակվում է իրենց արդար դատավարության իրավունքը․ «Հենց լինի դատական համակարգի բարեփոխումներ առաջին հնարավորության դեպքում պետք է ազատվել Վճռաբեկ դատարանից, քանի որ այն այլասերել է մեր դատական համակարգը, և նրա բոլոր որոշումները կոռուպցիոն որոշումներ են։ Պետք է օր առաջ ազատվել Վճռաբեկ դատարանից, քանի որ այլևս անհնար է այն բարեփոխել։ Այնտեղ ոչ թե իրավունքն են պաշտպանում, այլ իշխանության պատվերն են կատարում»։
Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ այսօր նույն դատարանում քննվել է նաև Կարո Եղնուկյանի մասնակցությամբ մեկ այլ դատական գործ, որով իրենք բողոքարկել էին քննիչի և դատախազի կողմից առանց հիմնավորումների իրենց ներկայացրած միջնորդությունները մերժելը, սակայն դատարանը հետաձգել է նիստը։
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու մեջ: Նրան ձերբակալել էին հուլիսի 19-ին՝ «Սասնա ծռեր» խմբի կողմից Էրեբունի համայնքի ՊՊԾ գունդը գրավելուց 2 օր անց։ Նրա գործը միացվել էր «Սասնա ծռերի» գործին։ Եղնուկյանը հուլիսի 17-ից 19-ն ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի անցկացվող ակցիաների մասնակից էր։