Երևանի քաղաքապետի թեկնածու, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գլխավորած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ կապված այսօր Ավանում տեղի ունեցած միջադեպի հետ:
Կուսակցության տարածած հաղորդման մեջ ասված է.
«Այսօր` 14. 05. 2017թ. առավոտյան ժամը 08:00-ից «Երկիր Ծիրանի» կուսակցության վստահված անձինք շրջում են Երևանի ընտրատեղամասերում և արձանագրում տեղամասերում կուտակումներ 2-5 մետր շառավղով, որտեղից Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, պետական ծառայողները և, այսպես կոչված, թաղային հեղինակությունները քաղաքացիներին ուղղորդում էին դեպի ընտրատեղամասեր:
Տարոն Մարգարյանի` Ավան վարչական շրջանի շտաբներից մեկում, որը տեղակայված է Աճառյան թիվ 22 հասցեում, Զարուհի Փոստանջյանը հայտնաբերեց հանցագործության փաստ` ընտրակաշառք ստացած անձանց ցուցակներ: Զարուհի Փոստանջյանի կողմից ահազանգի հիման վրա դեպքի վայր ժամանած ոստիկանները խուսափել են հանցագործության փաստերն արձանագրելուց: Դեռ ավելին, ապօրինի գործողություններ են կիրառել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նկատմամբ, ով հանդիսանում է անձեռնմխելի անձ, և փորձել են նրան բերման ենթարկել ոստիկանական բաժանմունք: Հասկանալով և վախենալով, որ անձեռնմխելի պետական բարձրաստիճան պաշտոնյային չեն կարող բերման ենթարկել, այդուհանդերձ, կոպիտ և բիրտ միջոցներ կիրառելով` ոստիկանները մարմնական վնասվածքներ հասցնելով, ոստիկանության մեքենա քաշքշելով տարել են Զարուհի Փոստանջյանին և նրա դստերը` Լիլիթ Դրամփյանին: Այնուհետև, փորձելով խուսափելով ապօրինի գործողությունները շարունակելուց, Զարուհի Փոստանջյանին ազատ են արձակել, իսկ դստերը ոստիկանության բաժանմունք տեղափոխելու ճանապարհին առանց մեկնաբանության անօգնական վիճակում թողել են փողոցում: Ներկայումս Զարուհի Փոստանջյանն ու իր դուստրը մարմնական վնասվածքներ ստանալու հետևանքով գտնվում են բժշկական հսկողության ներքո:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը, ի դեմս Զարուհի Փոստանջյանի, խստորեն դատապարտում է ոստիկանների և նրանց հովանավորյալ Հանրապետական կուսակցության կողմից օրենքի և իրավունքի` նման ցինիկ և բացահայտ օրինախախտումներն ու ոտնձգությունները և հետամուտ է լինելու հանցագործներին պատասխանատվության կանչելու գործում»:
Միջադեպի տեսանյութը.