Արտամետի գյուղապետի ամուսնու կողմից վրաերթի պատճառով 35 ոչխարներ կորցրած Նոր Արտագերս գյուղի բնակիչ Զադա Բրոյանը 3 տարի է՝ պայքարում է փոխհատուցում ստանալու համար։ Բրոյանն այսօր բաց նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանից, որտեղ բողոքում է Արմավիրի քննչական մարմնի անօրեն գործողություններից։
Դեպքը տեղի էր ունեցել 2014 թվականի հունվարի 9-ին. Տոնական Ղազարյանը մեքենայով վրաերթի էր ենթարկել ոչխարներին, ինչի հեևանքով դրանք սատկել էին։ Քննիչները քրեական գործը կարճել էին այն հիմքով, որ վարորդ Տոնական Ղազարյանի մեղավորությունը չկա․ մառախուղ էր, նա հոտը չէր տեսել։
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է Զադա Բրոյանը՝ մառախուղ չի եղել, ինչը հաստատված է նաև «Հայպետհիդրոմետի» տվյալներով, ըստ որի այդ օրը եղել է 2 կիլոմետր տեսանելիություն։
«Իմ ու իմ որդիների ցուցմունքները չեն համարում հավաստի, միայն Տոնականի ու նրա կողմնակիցների ցուցմունքներն են հիմք ընդունում։ Մի վկա էլ կար, որ անաչառ վկա էր, ասել էր, որ մառախուղ չկա։ Կանչեցին քննչական, փոխեց իր ցուցմունքը», ֊ ասել է տուժողը։
Քաղաքացիական վարույթը, որով Զադա Բրոյանը պահանջում է 2.240.000 դրամ փոխհատուցում, կասեցվել է, մինչև քրեական գործը վերջնական հանգուցալուծվի։ Բրոյանի խոսքով՝ այս դեպքի հետևանքով ինքը կորցրել է ընտանիքը պահելու միակ եկամտի աղբյուրը։
Բրոյանի պաշտպան Ղևոնդ Պապոյանը Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ քննիչները աղաղակող խախտումներ են թույլ տվել։ Մասնավորապես, քննչական մարմնի՝ գործը հանցագործության բացակայության հիմքով կարճելու որոշումը 4 անգամ բեկանվել է և՛ առաջին ատյանի, և՛ Վերաքննիչ դատարաններում, որոնք պարտավորեցրել են կրկին քննություն սկսել։ Ամեն անգամ, քննիչը սկսել և կրկին կարճել է գործը, որից հետո տուժող կողմը դարձյալ ստիպված է եղել դիմել դատարան։
«Այս բոլոր անգամները, երբ գործը վերսկսվել է, մեզ այդ մասին չի ծանուցվել։ Սկսել են ու կարճել՝ առանց մեզ։ Վերջին անգամը աղմկահարույց էր, քանի որ քննչական գործը վերաբացվել է և ընդամենը 5 օր հետո՝ առանց որևէ քննչական գործողություն անելու կարճվել նորից», ֊ ասել է փաստաբան Պապոյանը։
Նրա խոսքով՝ սա վկայում է այն մասին, որ Տոնական Ղազարյանը քննչական մարմիններում կապեր ունի։
Միակ անգամը, երբ Զադա Բրոյանի բողոքը քննչական մարմինների դեմ մերժվել է դատարանի կողմից, քննել է Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը։ Վաղը տուժող կողմը դիմելու է Վճռաբեկ դատարան։
Ազգությամբ եզդի Զադա Բրոյանը քննիչների պահվածքը նաև ազգային հողի վրա անհանդուրժողականության հետ է կապում։