ՀՀ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պահեստում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, ենթասպա, 36-ամյա Մելիք Դավիթի Խաչատրյանը՝ կախված վիճակում: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ։ Այս մասին հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Գերատեսչությունը հայտնում է, որ կատարվում է քննություն՝ Խաչատրյանի մահվան հանգամանքները պարզելու համար։
Նշենք, որ մայիսի 8-ից սկսած ՀՀ Զինված ուժերում և Արցախի Պաշտպանության բանակում 8 զինծառայող է մահացել: Մայիսի 8-ին վթարի է ենթարկվել և ընկել ջրամբարը «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ են եղել Պաշտպանության բանակի զինծառայողներ Ռուբեն Բարսեղյանը (ծնվ. 1998թ.), Ռաֆայել Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և Ռուբեն Մնացականյանը (ծնվ. 1998թ.): Մայիսի 10-ին ծառայակցի կրակոցից մահացել է ՀՀ ՊՆ ծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանը:
Մայիսի 14-ին մահացել է Արշակ Արշակյանը, մայիսի 17-ին՝ Գրիշա Կարապետյանը: Երկուսն էլ ՀՀ ՊՆ ծառայողներ են եղել, երկու դեպքում էլ Քննչական կոմիտեն մահվան վարկածը ինքնասպանությունն է համարել:
Մայիսի 20-ին և 26-ին մահացել են Պաշտպանության բանակի զինծառայողներ, համապատասխանաբար, Կարեն Դանիելյանը և Արմեն Հարությունյանը: Երկու դեպքում էլ, ըստ պաշտոնական աղբյուրների, զինծառայողները սպանվել են հակառակորդի կողմից արձակած կրակոցից: