Home / Ազգային ժողով / Կոռուպցիայի դեմ պայքարի նախագիծը գործ տալ է և հայերին հարիր չէ, վստահ է ՀՅԴ֊ական պատգամավորը

Կոռուպցիայի դեմ պայքարի նախագիծը գործ տալ է և հայերին հարիր չէ, վստահ է ՀՅԴ֊ական պատգամավորը

Այսօր ՀՅԴ կուսակցության ցուցակով պատգամավոր դարձած Անդրանիկ Կարապետյանն իր անդրանիկ ելույթն է ունեցել խորհրդարանում՝ զարմացնելով ընդդիմադիր պատգաամվորներին և լրագրողներին։

Ելույթի պատճառ է դարձել կոռուպցիայի դեպքերը բացահայտելուն նպատակաուղղված ՀՀԿ֊ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի մշակած նոր օրինագիծը։ «Ազդարարման համակարգի մասին» կոչվող օրենքը սահմանում է ազդարարի ինստիտուտը։ Ըստ օրենքի դա այն անձն է, որը բարեխղճորեն հաղորդում է կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման, էթիկայի կանոնների հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ` կապված այն պաշտոնատար անձի կամ մարմնի հետ, որի հետ ազդարարը գտնվում կամ գտնվել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական հարաբերությունների մեջ։ Օրենքը սահմանում է նաև ազդարարի և նրա հետ կապված անձանց պաշտպանության մեխանիզմներ։

Անդրանիկ Կարապետյանը կասկած է հայտնել, որ նման օրենքը կարող է աշխատել Հայաստանում և որ այն համատեղելի է «մեր հայ լինելու հետ»։

«Այն խնդիրը, որ ես այժմ կբարձրաձայնեմ, բացարձակ իրավական հարթության մեջ չի։ Իմ գաղափարը կապված է հայկականության հետ։ Նախ, ի՞նչ է ասում ներքին ազդարարի մասին․ ասում է՝ մի հիմնարկի երկու աշխատող հարաբերություններ կազմելիս պետք է ուշադիր լինեն մեկը մյուսի նկատմամբ։ Սա ավելորդ անջրպետ է մտցնում երկու աշխատակցի միջև։ Այսօր մենք բոլորս հայ ենք, բոլորս տեղյակ ենք՝ մենք ինչ արժեքներ ենք կրում, միշտ չի, որ եվրոպական արժեքները մեր հայկական արժեքների հետ համատեղելի են։ Եթե կաշխատի այս օրենքը, ապա ի՞նչ հետևանքներ այն կունենա։ Եթե չի աշխատի, ապա ինչո՞ւ ենք ուզում ընդունել։ Իմ կարծիքով՝ ազդարարի ինստիտուտը մեզ՝ հայերիս, հարիր չէ։ Երեկ երբ ես կարդում էի, միտքս եկավ այն գաղափարը, որ սա, ժողովրդական լեզվով ասած, գործ տալու ինստիտուտ է։ Եկեք բոլորս բոլորիս վրա գործ տանք, գնանք աշխատանքի մեկս մյուսի աչքերի մեջ չկարողանանք նայել, որովհետև մեկս մյուսի վրա կարող է գործ տալ։ Այսօր մենք հայապահպանության խնդիր ունենք, հայի տեսակի պահպանման խնդիր ուենք։ Եվ նման գաղափարներ սերմանելն իմ կարծիքով մեր երկրին հարիր չէ։ Եկեք բոլորս հայ մնանք»,֊ ասել է Կարապետյանը։

Tekali Taxi