Հունիսի 8-ին Հրազդան քաղաքում վրաերթի հետևանքով մահացել էր 58-ամյա Վալերի Թորոսյանը։ Վթարից անմիջապես հետո Shamshyan.com կայքը տեղեկություն էր տարածել, որ վրաերթի ենթարկած մեքենայի ղեկին եղել է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի 17-ամյա անչափահաս որդին՝ Ռազմիկ Դանիելյանը։ Վարորդը վթարից հետո ավտոմեքենայի համարանիշերը հանելով, դիմել էր փախուստի։
Երեկ երեկոյան ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որ վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել Հրազդան քաղաքի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ և հայտարարել, թե վրաերթ կատարելու պահին նշված ավտոմեքենայի ղեկին գտնվել է ինքը։
«Սակայն քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ղեկին գտնվել է 16-17 տարեկան պատանի։ Ներկայումս կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նախաքննությամբ ստացված տվյալներն ստուգելու, ճանաչման ներկայացնելու ուղղությամբ», -նշված է Քննչականի հայտարարության մեջ։
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքապետի որդուն փորձել է «փրկել» քաղաքապետի վարորդը, Հրազդանի ավագանու անդամ Ռաֆայել Օհանյանը։
«Հենց նա է վարում քաղաքապետի մեքենան»,- գրում է թերթը՝ հավելելով, որ մահացածը 4 երեխաների հայր էր։