Գլխավոր / Դատարան / «Սասնա ծռերին» ծեծելու մեջ մեղադրվող ոստիկանները շարունակում են ծառայությունը դատարանում․ ահազանգում է HRW-ը

«Սասնա ծռերին» ծեծելու մեջ մեղադրվող ոստիկանները շարունակում են ծառայությունը դատարանում․ ահազանգում է HRW-ը

Human rights watch իրավապաշտպան կազմակերպությունը խնդրահարույց է համարում, որ թեև «Սասնա ծռեր» խմբի անդամներին դատարանում ծեծի ենթարկելու դեպքն այս պահին քննվում է, սակայն մեղադրվող ոստիկանները շարունակում են դատարանում իրենց ծառայությունը։

«Քննության մեջ ներգրավված ցանկացած պաշտոնյա չպետք է ստանձնի դատավարությունների և ամբաստանյալների հետ կապված որևէ պարտականություն»,֊ նշում է իրավապաշտպան կազմակերպությունը։

Human rights watch֊ը նաև դատապարտում է ամբաստանյալների նկատմամբ կիրառված բռնությունը։

«Դատապարտյալների նկատմամբ վատ վերաբերմունքը խստիվ արգելված է բոլոր հանգամանքներում՝ դա միանշանակ է։ Ո՛չ նրանց մեղսագրվող հանցագործությունների նկատմամբ զայրույթի աստիճանը, ո՛չ էլ դատավարության ընթացքի լարվածությունը չեն կարող արդարացնել մեղադրյալների հանդեպ ֆիզիկական բռնությունը։ Իշխանությունները հստակ պարտավորություն ունեն անմիջականորեն և մանրակրկիտ քննություն իրականացնելու և պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար», — ասել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Գիորգի Գոգիան:

Կազմակերպությունը կատարվածի առթիվ զրուցել է «Սասնա ծռերի» փաստաբանների հետ և նկարագրել կատարվածի մանրամասները․

«Հունիսի 28-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ոստիկանության աշխատակիցը կանխել է մեղադրյալներից մեկի` Արեգ Կյուրեղյանի, իր փաստաբանին գրություն փոխանցելու փորձը: Կյուրեղյանը և մյուս ամբաստանյալները բողոքել էին միջամտության դեմ, որից հետո վեճ էր սկսվել ամբաստանյալներն ու ոստիկանները միջև: Այնուհետև ոստիկանները դատարանի դահլիճից հեռացրել էին Կյուրեղյանին և երկու այլ ամբաստանյալների` Մխիթար Ավետիսյանին և Սմբատ Բարսեղյանին: Կյուրեղյանի, Ավետիսյանի և մյուս երկու ամբաստանյալների՝ Արայիկ Խանդոյանի և Գագիկ Եղիազարյանի փաստաբանները հայտնել են, որ դատարանի նկուղային հարկում ոստիկանները ծեծի են ենթարկել չորս ամբաստանյալներին:

Ավետիսյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հայտնեց, որ վեճի ընթացքում ոստիկանները դատարանի դահլիճում գետնին են գցել Ավետիսյանին: Այնուհետ, ոստիկանները Ավետիսյանին և Կյուրեղյանին տեղափոխել են նկուղային հարկում գտնվող խուց, որտեղ գտնվում էր Խանդոյանը: Ավետիսյանն իր փաստաբանին ասել է, որ նրանց բերելուց հետո մոտավորապես 10 ոստիկան ներխուժել է խուց և ծեծել երեք ամբաստանյալներին: Ոստիկանները հարվածել են Ավետիսյանի գլխին, մեջքին և արմունկներին: Պետրոսյանն իր պաշտպանյալի վրա կապտուկներ է նկատել է, երբ այցելել է նրան հաջորդ օրը:

Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը Human Rights Watch-ին ասաց, որ ոստիկանները Խանդոյանին ծեծել են նույն խցում: Հունիսի 28-ի դատական նիստին ներկա չէր Խանդոյանը, քանի որ դատարանի որոշմամբ 6 ժամով հեռացված էր դատական նիստերի դահլիճից, որպես պատիժ՝ դատարանում նախորդ դատական նիստին թույլ տված օրինազանցությունների համար: Նա պահվում էր նկուղային հատվածի խցում՝ հետագայում նիստին վերադարձվելու նպատակով:

Ղարագյոզյանը Խանդոյանին հանդիպել է հունիսի 28-ի երեկոյան և նկատել կապտուկներ նրա ամբողջ մարմնի վրա: Խանդոյանի խոսքերով՝ նա ուներ ծանր գլխացավեր և գլխապտույտ: Ղարագյոզյանը միջնորդել էր, որ բուժման նպատակով Խանդոյանը տեղափոխվի հիվանդանոց: Հուլիսի 5-ի դրությամբ նա բուժում չէր ստացել: Human Rights Watch-ը չի կարողացել ճշտել, թե արդյոք նա ստացել է բուժում մինչ այժմ:

Եղիազարյանի փաստաբան Լուսինե Հակոբյանն ասում է, որ իր պաշտպանյալը, ով գտնվում էր առանձին խցում, լսել էր տղամարդկանց բղավոցներ՝ ձայներից ճանաչել իր հետ միասին մեղադրվողներին և կոչ արել ոստիկաններին դադարեցնել ծեծը: Ոստիկանները մտել էին իր խուց և ծեծել նրան: Հաջորդ օրը Հակոբյանը այցելել էր Եղիազարյանին և տեսել ծեծի հետևանքով առաջացած վնասվածքներ՝ կապտուկներ նրա ձեռքերի ու շրթունքների վրա և կտրվածքներ դեմքի վրա: Հակոբյանը նաև ասաց, որ նա [Եղիազարյանը] կաղում էր աջ ոտքի ցավի պատճառով:

Հունիսի 29-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ավետիսյանին, Խանդոյանին և Եղիազարյանին կալանքի վայրում և արձանագրել են ծեծի հետևանքով առաջացած վնասվածքներ: Օմբուդսմենի գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացրել իր եզրակացությունները և հանդես եկել անհապաղ հետաքննություն անցկացնելու կոչով:

Կյուրեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը հունիսի 28-ին լրատվամիջոցներին հայտնել է, որ ոստիկանությունը Ավետիսյանի և Խանդոյանի հետ միասին ծեծի է ենթարկել նաև իր պաշտպանյալին: Ոստիկանները հարվածել են Կյուրեղյանի դեմքին, կրծքավանդակին, որովայնին, մեջքին և ոտքերին»։